Մարդու իրավունքների եվրոպական դատարանում՝ ՄԻԵԴ–ում, երկրի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը կազատվի պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն: Այդ մասին հայտնել են կառավարության լրատվականից, հայտնում է «Ազատությունը»։
Նշվել է, որ այս որոշման շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել դեռ ամիսներ առաջ։
Սակայն, թե ինչ հանգամանքներով է պայմանավորված միջազգային իրավական հարցերով կառավարության ներկայացուցչի հեռացումը, պաշտոնական աղբյուրները չեն հստակեցրել։
Նշվում է, որ Եղիշե Կիրակոսյանը չի արձագանքել հեռախոսազանգերին։
Մամուլում ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Կիրակոսյանը և նրա թիմի բոլոր անդամները ազատման դիմումներ են ներկայացրել։ Սակայն կառավարությունը հերքել է այս պնդումները՝ շեշտելով, որ «գրասենյակը բնականոն հունով շարունակում է իր գործառույթների իրականացումը»։
Միևնույն ժամանակ, միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը հայտնել է, որ ընդամենը մեկ-երկու աշխատակից է ազատման դիմում ներկայացրել։
«Այո, մեկ-երկու աշխատակից դիմում ներկայացրել է մեկ շաբաթ առաջ, երկու շաբաթ առաջ, բայց դրան զուգահեռ հաստիքները համալրվել են», - նշել է նա։
Կիրակոսյանի հրաժարականի մասին խոսակցություններ շրջանառվում էին նաև ամիսներ առաջ։
Եղիշե Կիրակոսյանն է ներկայացնում Բաքվի դեմ Երևանի հայցերը Մարդու իրավունքների եվրոպական և ՄԱԿ-ի արդարադատության դատարաններում: Նա այս պաշտոնը զբաղեցնում է 2018 թվականից:
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներում միջազգային հայցերի հետկանչը մնում է չհամաձայնեցված հարցերից մեկը, սակայն Երևանը, ըստ էության, չի մերժում փոխադարձության սկզբունքով նման քայլի հնարավորությունը։
Տարեսկզբին Կիրակոսյանն ասել էր, որ չի կարծում, թե իրավական վեճերը կարող են խոչընդոտել խաղաղության գործընթացին։
«Իմ կարծիքով, իրավական վեճերի իմաստն ինչ-որ տեղ խաղաղության հաստատումն է։ Երբ պետությունները նախաձեռնում են իրավական վեճեր, տարաձայնությունները լուծում են քաղաքակիրթ եղանակով, դա նաև պատերազմը կանխարգելել է նշանակում», - ընդգծել էր նա։