Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մարտի 5–ի երեկոյան ուղերձով դիմել է ժողովրդին՝ կենտրոնանալով Ուկրաինայում պատերազմի և Եվրոպայի անվտանգության հարցերի վրա։
Նա հայտարարել է, որ Ռուսաստանը սպառնալիք է Ֆրանսիայի և Եվրոպայի համար և առաջարկել է քննարկել Եվրոպայի պաշտպանության համար միջուկային զսպման միջոցները, հայտնում է Euronews-ը։
Նա ընդգծել է Կիևին աջակցությունը շարունակելու և եվրոպական երկրների ռազմական ներուժն ուժեղացնելու անհրաժեշտությունը։
«Ռուսաստանը դարձել է Ֆրանսիայի և Եվրոպայի սպառնալիք՝ այսօր և երկար ժամանակով»,–ասել է նա։
Անդրադառնալով Եվրոպայի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների փոփոխություններին՝ Մակրոնն ասել է․ «ԱՄՆ-ն՝ մեր դաշնակիցը, փոխել է իր դիրքորոշումը այս պատերազմի վերաբերյալ՝ Ուկրաինային ավելի քիչ աջակցություն ցուցաբերելով և թողնելով կասկածներ ապագայի վերաբերյալ։ Պետք է ասել, որ մենք մուտք ենք գործում նոր դարաշրջան»։
Մակրոնը նախազգուշացրել է, որ Եվրոպան պետք է պատրաստ լինի ԱՄՆ-ի կողմից անվտանգության ոլորտում աջակցման հնարավոր նվազմանը։
«Ես ցանկանում եմ հավատալ, որ ԱՄՆ-ն մեր կողքին կլինի, բայց մենք պետք է պատրաստ լինենք, որ դա տեղի չի ունենա»,–ասել է նա։
Նա նաև կոչ է արել եվրոպական երկրներին դառնալ ավելի անկախ իրենց պաշտպանական քաղաքականության մեջ։
«Մեր մայրցամաքում խաղաղությունը այլևս չի կարող երաշխավորված լինել։ Ուկրաինան վերածվել է գլոբալ հակամարտության»,–ասել է Մակրոնը։
Մակրոնը նաև հայտնել է, որ մտադիր է եվրոպացի գործընկերների հետ քննարկել Ֆրանսիայի միջուկային զսպման ուժերի օգտագործման հնարավորությունը՝ Ռուսաստանի սպառնալիքների պայմաններում Եվրոպայի պաշտպանության համար։
Մարտի 6–ին եվրոպական երկրների ղեկավարները հանդիպելու են Բրյուսելում արտակարգ գագաթնաժողովի շրջանակում՝ քննարկելու պաշտպանության ու Ուկրաինայի իրավիճակի հետ կապված հարցերը։
Ավելիւ վաղ Ֆրանսիայի կառավարության ներկայացուցիչը հայտարարեց, որ Փարիզը դրական է գնահատում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու «ձեռնարկած քայլը», որը նամակ է ուղարկել իր ամերիկացի գործընկերոջը։
ԱՄՆ Կոնգրեսում ելույթ ունենալիս՝ անցած շաբաթ Սպիտակ տանը ձախողված հանդիպումից հետո, ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Զելենսկին իրեն նամակ է ուղարկել։ Նամակում Ուկրաինայի ղեկավարը նշել է, որ Կիևը պատրաստ է հնարավորինս շուտ խաղաղ համաձայնագիր կնքել Ռուսաստանի հետ, ինչպես նաև համաձայնել է ԱՄՆ-ի հետ առանցքային հանքային ռեսուրսների վերաբերյալ պայմանագրին՝ այդ գործընթացին աջակցելու նպատակով։
Միևնույն ժամանակ, Էմանուել Մակրոնն առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Թրամփի և Զելենսկու հետ։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիրս Սթարմերը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես են եկել Ուկրաինայում հակամարտությունից հետո խաղաղապահ ուժերի տեղակայման նախաձեռնությամբ՝ կանխելու Ռուսաստանի հնարավոր նոր ներխուժումը, եթե Մոսկվան և Կիևը ձեռք բերեն հրադադարի համաձայնություն։