ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը, անդրադառնալով Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս գերիների դեմ շինծու գործերով դատավարություններին, ասել է, որ Ադրբեջանի կողմից դատավարությունների այսչափ հրապարակայնացումը միտված է հայկական կողմի զգացմունքների վրա ազդելուն։
«Գայթակղությունը շատ մեծ է այս թեմայով լուրջ հայտարարություններ անելու և ազդեցիկ խոսքեր ասելու, բայց պետք է գնահատել, թե այդ խոսքերը որքանով են Բաքվում պահվող գերիների՝ Հայաստան վերադարձին օգուտ տալու, որքանով՝ վնաս»,- ընդգծել է Խանդանյանը, հայտնում է Aysor.am-ը։
Թեմային անդրադարձել է նաև ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ նշելով, որ հարցը չափազանց նուրբ է։
«Եվ այստեղից հնչող ցանկացած մեկնաբանություն ուղիղ կապ ունի տեղի ունեցող գործընթացների, որոշ պայմանավորվածությունների հետ»,- ասել է նա։
ՀՀ ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել՝ ընդգծել է, որ շարունակում է միջազգային գործընկերների ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, պատանդների և այլ կալանավորված անձանց ազատ արձակման խնդրի, ինչպես նաև դատավարական կոպտագույն խախտումներով և խոշտանգման աղաղակող նշաններով նրանց մի մասի նկատմամբ ընթացող բեմականացված դատավարությունների վրա:
Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարել է, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի լուսանկարները վկայում են մարմնի տեսանելի հատվածներում առկա վնասվածքների մասին։ Արդեն մեկ շաբվաթ է Վարդանյանը հացադուլի մեջ է։ Վերջին դատական նիստում Վարդանյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր, իսկ դատական նիստի ընթացքում արված լուսանկարներում տեսանելի էին նրա դեմքին առկա վնասվածքները։ Չնայած դրան՝ դատարանը ստիպել է նրան մասնակցել նիստին։ Վարդանյանի միջազգային փաստաբանը նախօրեին մանրամասներ էր ներկայացրել նրա առողջական վիճակի մասին՝ նշելով, որ կյանքին լուրջ վտանգ է սպառնում։