7 մարտի 2025 - 11:25 AMT
Դավիթ Մանուկյանը Բաքվի դատարանում ասել է, որ կռվել է Ադրբեջանի զինուժի դեմ

Մարտի 6-ին Բաքվի ռազմական դատարանում շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս հայ ռազմագերիների դեմ շինծու գործերով դատավարությունը։ Դատավորը տեղեկացրել է, որ Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի համար պետության հաշվին նոր պաշտպան է նշանակվել, ինչին վերջինս չի առարկել։

Գեներալ–մայոր Դավիթ Մանուկյանը Բաքվի դատարանում հայտարարել է, որ մարտնչել է Ադրբեջանի զինուժի դեմ, հայտնում է Azertag-ը։

Ըստ լրատվամիջոցի, Մանուկյանը ներկայացրել է իր անցած մարտական ուղին՝ առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ շարքային զինվորից մինչև գեներալ–մայորի կոչում և մասնակցություն 44–օրյա պատերազմին։

Նա ասել է, որ զբաղվել է իր մասնագիտական պարտականություններով, այն է՝ «մարտական պատրաստությամբ»՝ մերժելով «պատերազմ նախապատրաստելու» մեղադրանքները։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցի, նա նաև ասել է, որ երբևէ չի մասնակցել Անվտանգության խորհրդի նիստներին։

44-օրյա պատերազմի իրադարձությունների մասին պատմելիս Մանուկյանը նշել է, որ իր մեքենան խոցվել է «Բայրաքթար» անօդաչուով։ Նա նաև ասել է, որ 2020–ից հետո ՊԲ–ում մեծ կրճատումներ են եղել՝ դիվիզիոնը կրճատվել է մինչև բրիգադի մակարդակի։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցի, Դավիթ Մանուկյանը, պատասխանելով Ստեփանակերտի իր տանը հայտնաբերված զենքի մասին հարցին, ասել է, որ մեկը ատրճանակ է, մյուսը՝ որսորդական հրացան, և որ «երկուսն էլ գրանցված են ՀՀ ոստիկանության վարչությունում», գրում է Trend-ը։

Ռազմագերի Դավիթ Ալավերդյանը դատական նիստում ասել է, որ իր հանդեպ «վերաբերմունը եղել է մարդկային», գրում է Trend-ը։

Շինծու գործով անցնող Գարիկ Մարտիրոսյանն ասել է, որ մասնակցել է ինչպես առաջին Ղարաբաղյան պատերազմին, այնպես էլ՝ 44–օրյա։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցի, Մարտիրոսյանն ասել է, որ առաջին Ղարաբաղյան պատերազմի ընթացքում եղել է Աղդամի շրջանի առաջնագծում։

«Մենք Ասկերանի շրջանում էինք Երկրորդ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ։ Ես այնտեղ էի նաև 44-օրյա պատերազմի ընթացքում», — ասել է նա, հայտնում է Trend-ը։

Բաքվում ընթացող դատական նիստում սկսվել է փաստաթղթերի ուսումնասիրության փուլը։

Նշվում է, որ Բակո Սահակյանը կարճ ելույթ է ունեցել, ներկայացնելով իր գործունեությունը նախագահի պաշտոնում, սակայն ոչ մի բառ այդ ելույթից չի մեջբերվում։

Ադրբեջանի գլխավոր դատախազի ավագ օգնական Վուսալ Ալիևը, որը ներկայացնում է պետական մեղադրանքը, դատարանում ներկայացրել է պատմական փաստաթղթեր, այդ թվում՝

  • ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի 1988թ․ փետրվարի 20-ի որոշումը՝ «Ադրբեջանի և Հայաստանի Գերագույն խորհուրդներին դիմելու մասին՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը Ադրբեջանի ԽՍՀ կազմից Հայաստանի ԽՍՀ կազմ փոխանցելու վերաբերյալ»;
  • Հայաստանի Գերագույն խորհրդի 1988թ․ հունիսի 15-ի որոշումը՝ «ԼՂԻՄ-ը Ադրբեջանի ԽՍՀ կազմից հանելու և Հայաստանի ԽՍՀ-ին փոխանցելու մասին»;
  • ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1988թ․ հուլիսի 18-ի որոշումը, որով Հայաստանի Գերագույն խորհրդի հունիսի 15-ի որոշումը և ԼՂԻՄ մարզային խորհրդի դիմումը ճանաչվել են Սահմանադրությանը հակասող;
  • ԽՍՀՄ Սահմանադրության 78-րդ հոդվածը;
  • Ադրբեջանի Գերագույն խորհրդի 1991թ․ օգոստոսի 30-ի որոշումը՝ Ադրբեջանի անկախության վերականգնման մասին;
  • 1991թ․ սեպտեմբերի 2-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին հռչակագիրն ու որոշումը», ինչպես նաև այլ փաստաթղթեր։
  • Այնուհետև գլխավոր դատախազի հատուկ հանձնարարություններով օգնական Թուգայ Ռահիմլին և պետական մեղադրող Ֆուադ Մուսաևը թվարկել են հայկական ջոկատները՝ «Մեծ Տիգրան», «Դավիթ Սասունցի», «Արչիվ», «Դաշնակցականներ», «Շուշի», «Սասուն», «Մարալ», «Աղդերեի ջոկատ», «Խանքենդու գունդ», «Սիսիանի ջոկատ», «Հադրութի ջոկատ», «Սասնա Ծռեր ջոկատ», «Խաչլիլար», «Երկրապահ կամավորականների ջոկատ», «Մալաթիա», «Արաբո», «Մուշ», գրում է Azertag-ը։

Այնուհետև Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանին հարցեր են ուղղվել վերը նշված փաստաթղթերի վերաբերյալ, ինչպես նաև ջոկատների ղեկավարների և անդամների մասին։ Ղուկասյանն ասել է, որ ջոկատների ղեկավարների անունները հայտնի են, սակայն ինքը չի ցանկանում դրանք հրապարակել։

Հաջորդ դատական նիստը նշանակվել է մարտի 10-ին։