Starship–ն արդեն երկրորդ անգամ պայթել է փորձնական թռիչքի ժամանակ։ SpaceX-ը հայտնել է, որ փորձնական ութերորդ թռիչքի ընթացքում կորցրել է կապը Starship տիեզերանավի նախատիպի հետ, գրում է BBC-ն։
«Մենք կարող ենք հաստատել, որ կորցրել ենք կապը տիեզերանավի հետ։ Ցավոք, նույնը տեղի է ունեցել նաև նախորդ անգամ, այնպես որ գիտենք՝ ինչ անել այսպիսի իրավիճակներում։ Մենք ձեռնարկել ենք բազմաթիվ անհրաժեշտ միջոցներ , որպեսզի ապահովենք մարդկանց անվտանգությունը», — հայտարարել է X սոցիալական ցանցում մեկնաբանը, որը վարում էր ուղիղ հեռարձակումը, գրում է ՏԱՍՍ–ը։
Հրթիռի արձակումը տեղի է ունեցել ԱՄՆ արևելյան ժամանակով 18:30-ին (Մոսկվայի ժամանակով 02:30) Բոկա Չիկայի (Տեխաս նահանգ) տիեզերակայանից։ Մոտ տասը րոպե անց կապը Starship-ի երկրորդ աստիճանի հետ խափանվել է։ Մինչ SpaceX-ը դադարեցրել էր հեռահար տվյալների ստացումը, հայտնի էր դարձել, որ մի քանի շարժիչներ շարքից դուրս են եկել, և տիեզերանավը կորցրել է դիրքային կառավարումը։ Դեպքի հանգամանքները քննվում են։
Հունվարին կայացած նախորդ՝ յոթերորդ փորձնական թռիչքը նույնպես ձախողվել էր. տիեզերանավը պայթել էր բարձրություն հավաքելու ընթացքում վառելիքի արտահոսքի պատճառով։ Ութերորդ թեստային թռիչքի ընթացքում SpaceX-ը նախատեսում էր տիեզերք դուրս բերել Starlink արբանյակային համակարգի չորս սիմուլյատոր։
Այնուամենայնիվ, SpaceX-ին հաջողվել է ապահով կերպով որսալ Super Heavy հրթիռային ուժեղացուցիչը, երբ այն վերադարձել է հատուկ Mechazilla հարթակի վրա։ Սա դարձել է այս հրթիռի երրորդ հաջող վայրէջքը բոլոր փորձարկումների ընթացքում։
Ըստ ընկերության ծրագրերի՝ Starship տիեզերանավային համակարգը նախատեսվում է դարձնել բազմաֆունկցիոնալ՝ այն օգտագործելով ինչպես մարդատար թռիչքների համար Երկրի ուղեծրում, այնպես էլ արբանյակների տեղակայման և խորը տիեզերական առաքելությունների իրականացման նպատակով։ Starship-ը ապագայում նախատեսվում է կիրառել դեպի Լուսին, Մարս և ավելի հեռավոր երկնային մարմիններ թռիչքների համար։
Համակարգի նախագծման մեջ նախատեսված է, որ ինչպես Starship տիեզերանավը, այնպես էլ Super Heavy ուժեղացուցիչը կկարողանան կատարել ուղղահայաց վայրէջք Երկրի վրա։ Ընդհանուր բարձրությունը կազմում է 121 մետր, որից 50 մետրը՝ տիեզերանավին, իսկ 71 մետրը՝ հրթիռային ուժեղացուցիչին։ Տրամագիծը 9 մետր է, իսկ բեռնատարողությունը՝ 100-150 տոննա։