Եվրոպական խորհրդարանում Լյուքսեմբուրգի ներկայացուցիչ Ֆերնանդ Կարթեյզերը նամակ է ուղարկել ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին՝ բարձրաձայնելով Բաքվում անօրինական կերպով պահվող Ռուբեն Վարդանյանի և մյուս հայերի դրությունը։
Պատգամավորը նամակում ընդգծել է, որ Վարդանյանի ներկայիս վիճակը խիստ անհանգստացնող է։ Որպես Եվրոպական խորհրդարանի անդամ՝ Կարթեյզերը կարևորել է Վարդանյանի կալանավորման և դատավարության հետ կապված անհետաձգելի խնդիրները՝ նշելով, որ դրանք չեն համապատասխանում միջազգային իրավական չափանիշներին, հայտնում է Արմենպրեսը։
Պատգամավորը շեշտել է, որ Վարդանյանի սկսած հացադուլն էլ ավելի է խորացրել մտահոգությունները, քանի որ նրա առողջական վիճակի կտրուկ վատթարացումը լուրջ վտանգ է ներկայացնում նրա կյանքի համար։
«Պարոն Վարդանյանի հետ միասին Ադրբեջանում պահվում են ևս 22 հայեր, որոնց իրավունքները խախտվում են։ Նրանց կալանքը հակասում է միջազգային իրավունքի նորմերին։ Հաշվի առնելով իրավիճակի լրջությունը՝ ես խորապես երախտապարտ կլինեմ, եթե Դուք ցուցաբերեք ձեր աջակցությունն այս հարցում։ Վստահ եմ, որ ԵՄ-ի կողմից ձեռնարկված կոնկրետ քայլերը կարող են էականորեն օգնել այս կալանավորված անձանց։ Կա աճող մտահոգություն, որ նրանք կարող են օգտագործվել որպես պատանդներ», – իր նամակում նշել է Կարթեյզերը՝ Կալասին հորդորելով դիտարկել հայ գերիների անհապաղ ազատ արձակման հարցով միջամտելու հնարավորությունը և հետագայում աջակցել նրանց անվտանգ վերադարձին Հայաստան։
Պատգամավորը նամակի ավարտին նշել է, որ այս խնդիրն անմիջականորեն կապված է Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա լարվածության հետ։ Նա խոր հույս է հայտնել, որ ԵՄ-ն կշարունակի աջակցել այդ հարաբերությունների բարելավմանը և կխթանի Հայաստանի իրավունքների ու անվտանգության պաշտպանությունը՝ հաշվի առնելով տարածաշրջանում բռնության վերսկսման վտանգը։
Ադրբեջանը պաշտոնապես հաստատել է իր մոտ 23 հայ գերիների առկայությունը, այդ թվում Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը։ Ադրբեջանը նրանց ձերբակալել է ապօրինի կերպով՝ առաջադրելով կեղծ մեղադրանքներ։