Հայաստանում 2024 թվականին էլեկտրոնային առևտրի շրջանառությունը գրեթե 75%-ով աճել է։ Այդ մասին վկայում է Կենտրոնական բանկի հրապարակած վիճակագրությունը։
Անցած տարվա ընթացքում այս ցուցանիշը կազմել է 972.5 մլրդ դրամ, մինչդեռ 2023 թվականին եղել է 556.8 մլրդ դրամ կամ 1 մլրդ 418 մլն դոլար։
Ներքին և միջազգային պատվերների հարաբերակցությունը 2024-ին կազմել է 77% և 23%։ Տեղական գործարքների մեջ էական բաժին ունեն սննդի և տաքսիների առցանց պատվերները, հայտնում է Sputnik Արմենիան։
Միջազգային պատվերների աճ է գրանցվել, թեև 2024 թվականի ապրիլի 1-ից Հայաստանի գնորդները ստիպված են եղել ավելի բարձր մաքսատուրքեր վճարել, քանի որ ՀՀ-ում անմաքս առցանց գնումների շեմը կրկնակի նվազել է՝ համապատասխանեցվելով ԵԱՏՄ չափանիշներին։
Նշվում է, որ թե՛ տեղական, թե՛ միջազգային պատվերների մի մասը կարող են իրականացնել ոչ միայն ֆիզիկական անձինք, այլև փոքր ու միջին բիզնեսը, այդ թվում՝ բջջային տեխնիկայի և հագուստի վաճառքով զբաղվող խանութները, ինչպես նաև վերավաճառքի նպատակով ապրանք ձեռք բերողները։
Աճ է արձանագրվել բոլոր ներպետական քարտերով իրականացված գործարքներում, ներառյալ ArCa-Mir քարտերով։ Այս դեպքերում շրջանառությունը 83%-ով բարձրացել է՝ հասնելով 70,4 մլրդ դրամի։ Սակայն Հայաստանից դուրս առցանց գնումների համար այս քարտերը գրեթե չեն օգտագործվել։ Տեղական շուկայում ArCa-ի մասնաբաժինը ևս փոքր է մնացել. 2024-ին այն 9,8%-ից աճել է մինչև 10%։
Visa և Master քարտերի շրջանառությունն էլ զգալիորեն ավելացել է։ Հայկական բանկերում թողարկված Visa քարտերով գործարքների ծավալը կազմել է 680․8 մլրդ դրամ՝ գրանցելով 70% աճ, իսկ Master քարտերով՝ 213․3 մլրդ դրամ՝ 88% աճով։
Միևնույն ժամանակ, «Միր» քարտերով առցանց գնումների ծավալը կտրուկ նվազել է՝ 1 մլրդ 736 մլն դրամից հասնելով 85 մլն դրամի (առանց ArCa-Mir քարտերի)։ 2024 թվականի ապրիլի 1-ից հայկական բանկերի մեծ մասը, բացառությամբ «ՎՏԲ-Հայաստան»-ի, դադարեցրել են «Միր» քարտերի սպասարկումը՝ արևմտյան պատժամիջոցների պատճառով։
Էլեկտրոնային առևտրի ծավալը հաշվարկվել է՝ հիմք ընդունելով վիրտուալ POS տերմինալների միջոցով իրականացված ապրանքների և ծառայությունների վճարումների տվյալները։