Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մարտի 6-ին հանդիպել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի ծնողների հետ, որոնք հայտնել են, որ դժվարություններ ունեն վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու հարցում, որոնցից մի մասը պայմանավորված է օրենքով սահմանված տարիքային սահմանափակումներով։
Քննարկվել են վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների հասանելիության հետ կապված օրենսդրական և գործնական խոչընդոտները։
Անահիտ Մանասյանը հավաստիացրել է, որ այս հարցը գտնվում է իր անմիջական ուշադրության կենտրոնում։
Պաշտպանը հիշեցրել է, որ 2024 թվականի հունիսի 10-ին դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելով «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի սահմանադրականությունը, ինչը սերտորեն առնչվում է քաղաքացիների բարձրացրած խնդրի հետ։
Սահմանադրական դատարանը 2024 թվականի հունիսի 18-ին թիվ ՍԴԱՈ-100 աշխատակարգային որոշմամբ ընդունել է գործը քննության։
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը եզրակացրել է, որ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու համար նախատեսված տարիքային սահմանափակումները հակասում են Սահմանադրությամբ ամրագրված խտրականության արգելքի սկզբունքին, մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքին և իրավունքների սահմանափակման համաչափության սկզբունքին։