ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ մարտի 7-ին անցկացվել է Զինվորական դատախազության 2024 թվականի գործունեության ամփոփումը։
Զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանը հայտնել է, որ 2024 թվականին ՀՀ Զինված ուժերում գրանցվել է 40 մահվան դեպք, որոնցից 27-ը կապված են ծառայության հետ։
Մասնավորապես՝ հակառակորդի գործողություններից զոհվել է 4 ԵԿՄ անդամ, սպանությունների հետևանքով՝ 5 (որոնցից մեկը՝ ԵԿՄ անդամ, ևս մեկը՝ վարժական հավաքի մասնակից՝ հրդեհի հետևանքով), ինքնասպանության և ինքնասպանության դրդման պատճառով՝ 7, ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով՝ 4, մարտական մեքենաների վարելու կանոնների խախտման հետևանքով՝ 1, ավիավթարից՝ 2, հիվանդության պատճառով՝ 3 (որոնցից մեկը ԵԿՄ անդամ), դժբախտ պատահարի հետևանքով՝ 1։ Ծառայության հետ չկապված հանգամանքներում մահացել է 13 զինծառայող (հիվանդության պատճառով՝ 3, ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով՝ 7, ինքնասպանության պատճառով՝ 1, դժբախտ պատահարի հետևանքով՝ 2)։
Նա ներկայացրել է 2024 թվականի ընթացքում բանակում արձանագրված միջադեպերի, հարուցված քրեական վարույթների, դատարան ուղարկված գործերի և պետական շահերի պաշտպանության ուսումնասիրությունների մանրամասները։ Նրա խոսքով՝ նախորդ տարի Զինված ուժերում արձանագրվել է 2093 միջադեպ (2023 թվականին՝ 2358), որոնցից 762-ը պատահարներ են (2023 թվականին՝ 803), իսկ 1331-ը՝ ենթադրյալ հանցագործություններ (2023 թվականին՝ 1555)։ Դրանցից 715-ը զինվորական բնույթի են (2023 թվականին՝ 847), 616-ը՝ այլ հանցագործություններ (2023 թվականին՝ 708), 178-ը՝ ծանր (2023 թվականին՝ 242), իսկ 39-ը՝ առանձնապես ծանր հանցագործություններ (2023 թվականին՝ 78)։
Դատախազության տվյալներով՝ 2024 թվականին հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 904 քրեական վարույթ՝ 1026 անձի վերաբերյալ (2023 թվականին՝ 975 քրեական վարույթ՝ 1275 անձի վերաբերյալ)։ Դատարաններում քննվել և ավարտվել է 937 քրեական գործ՝ 1089 անձի վերաբերյալ (2023 թվականին՝ 496 գործ՝ 578 անձի վերաբերյալ), որից 751 գործով կայացվել է մեղադրական դատավճիռ՝ 842 անձի նկատմամբ (2023 թվականին՝ 394 գործ՝ 426 անձի նկատմամբ)։
Զինվորական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի և կայազորների դատախազությունների ուսումնասիրություններով արձանագրվել է, որ 2024 թվականին պետությանը հասցված վնասի չափը կազմել է 5 միլիարդ 677 միլիոն 550 հազար դրամ (2023 թվականին՝ 5 միլիարդ 62 միլիոն 243 հազար դրամ)։ Արտադատական կարգով վերականգնվել է 11 միլիոն 310 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 4 միլիարդ 462 միլիոն 706 հազար դրամ (2023 թվականին՝ 2 միլիարդ 482 միլիոն 453 հազար դրամ)։
Ամփոփման ավարտին պաշտպանության նախարարը և գլխավոր դատախազը քննարկել են համագործակցության հետագա զարգացման ձևաչափերն ու ուղղությունները։
Քննարկմանը ներկա են եղել զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանը, պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության վարչության պետ Աշոտ Զաքարյանը, ԱԱԾ ռազմական հակահետախուզության գլխավոր վարչության պետ Դավիթ Սանամյանը, Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արման Ասլանյանը, ինչպես նաև այլ պաշտոնյաներ։