ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Լյուքսեմբուրգում մասնակցել է EIB Group Forum 2025-ի շրջանակում կազմակերպված «Օգտագործելով ԵՄ ընդլայնման հնարավորությունները» թեմայով պանելային քննարկմանը, տեղեկացնում է ՀՀ ֆինանսների նախարարությունը։
Քննարկման ընթացքում Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացին վերաբերող մի շարք առանցքային հարցեր։ Նախարարը մասնավորապես ընդգծել է մեր տարածաշրջանում հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը, անդրադարձել «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, ինչպես նաև կարևորել Եվրոպական ներդրումային բանկի հետ համագործակցությունը և օտարերկրյա ուղիղ ներդրումների ներգրավումը։
Փետրվարի 12–ին ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագծին։ Հայաստանի կառավարությունը հունվարի 9-ին հավանություն է տվել Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին նախագծին, որը ներկայացրել էր «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը։ Նախագիծն առաջիկայում քննարկվելու է Հայաստանի խորհրդարանում։