«Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչ Մեսրոպ Առաքելյանն, անդրադառնալով Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ուղերձին, նշել է, որ չափազանց ծանր է լսել Ռուբենին։ Նա այդ մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում։
Միևնույն ժամանակ նա նշել է, որ Ռուբենը չի հանձնվում և չի հանձնվելու:
«Չափազանց ծանր է լսել Ռուբենին 1,5 տարի անց։ Ռուբենին շատ լավ եմ ճանաչում, ու իր խոսքում որևէ նոր բան չկա։ Այդ արժեքների ու սկզբունքների մասին նա միշտ է խոսում ու խոսելու է։ Դա իր ապրելակերպն է։
Ռուբենը չի հանձնվում և չի հանձնվելու։ Ռուբենը վերադառնալու է և շարունակելու է իր նվիրումը հայրենիքին»,-ասվում է գրառման մեջ։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ով շինծու գործով ներկայումս պահվում է Բաքվի բանտում, ընտանիքի միջոցով աուդիոուղերձ է հղել՝ շեշտելով, որ իր կյանքում արել է այն, ինչ համարել է բարոյապես ճիշտ, և որ ամենադժվար պահերին էլ չի դավաճանել իր սկզբունքներին։
«Ես գիտակցել եմ ինչի եմ գնում, պատրաստ եմ եղել և պատրաստ եմ ավելի վատ պայմանների: Ես զոհ չեմ, ինձ պետք չէ խղճալ, քանի որ սա գիտակցված որոշում է»,–ասել է նա։