7 մարտի 2025 - 17:49 AMT
ՀՀ դեսպանն ու ռազմական կցորդը Հնդկաստանում քննարկել են պաշտպանական համագործակցությունը

Հնդկաստանում Հայաստանի դեսպան Վահագն Աֆյանն ու ՀՀ ռազմական կցորդ, գնդապետ Արկադի Տոնոյանը հանդիպել են Հնդկաստանի պաշտպանության նախարարության միջազգային համագործակցության միացյալ քարտուղար Վիշվեշ Նեգիի հետ՝ քննարկելու երկու երկրների միջև փոխշահավետ գործակցության զարգացման հնարավորությունները, հայտնում է Հնդկաստանում ՀՀ դեսպանությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների պաշտպանության նախարարների հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման, փոխադարձ այցերի կազմակերպման, երկու երկրների պաշտպանության նախարարությունների պաշտպանական խորհրդակցությունների շարունակականության ապահովման և փոխշահավետ գործակցության զարգացման հարցեր։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային իրադարձություններին՝ մասնավորապես շեշտադրելով Հայաստանի խաղաղության օրակարգի հանձնառությունը և երկկողմ բարեկամական կապերի խորացման հեռանկարները։

2023 թվականի մայիսի 18-ին ՀՀ կառավարությունը հաստատել է Հնդկաստանում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք ստեղծելու որոշման նախագիծը։