7 մարտի 2025 - 18:56 AMT
«Ավրորայի» հավակնորդ իրավապաշտպանը մտադիր է մեկնել Բաքու և ներկա լինել Վարդանյանի «դատավարությանը»

2016 թվականին «Ավրորա» մրցանակի հավակնորդներից պակիստանցի իրավապաշտպան Սայիդա Ղուլամ Ֆաթիման որոշել է մեկնել Բաքու՝ ներկա գտնվելու Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «դատավարությանը»։ Այդ մասին ասվում է Free Armenian Prisoners կազմակերպության Х-ի էջում։

Իրավապաշտպանը նշել է, որ իրական փոփոխությունը գործողություն է պահանջում։

«Հեշտ է հեռվից դատապարտել անարդարությունը, մինչդեռ իրական փոփոխությունը գործողություն է պահանջում: Այդ իսկ պատճառով ես որոշել եմ մեկնել Բաքու՝ ներկա գտնվելու Ռուբեն Վարդանյանի դատական լսումներին: Խնդրում եմ միացեք ինձ՝ ցույց տալու ձեր համերաշխությունը, ինչպես կարող եք»,– գրել է իրավապաշտպանը։

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ով շինծու գործով ներկայումս պահվում է Բաքվի բանտում, ընտանիքի միջոցով աուդիոուղերձ է հղել՝ շեշտելով, որ իր կյանքում արել է այն, ինչ համարել է բարոյապես ճիշտ, և որ ամենադժվար պահերին էլ չի դավաճանել իր սկզբունքներին։

«Ես գիտակցել եմ ինչի եմ գնում, պատրաստ եմ եղել և պատրաստ եմ ավելի վատ պայմանների: Ես զոհ չեմ, ինձ պետք չէ խղճալ, քանի որ սա գիտակցված որոշում է»,–ասել է նա։