10 մարտի 2025 - 11:45 AMT
Մասկն ու Ռուբիոն վիճել են Լեհաստանի նախարարի հետ Ուկրաինայի Starlink-ի շուրջ

Մարտի 9–ին X–ում լարված բանավեճ է ծավալվել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի, տեխնոլոգիական միլիարդատեր Իլոն Մասկի և Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկու միջև՝ կապված Ուկրաինայում Starlink արբանյակային ցանցի օգտագործման հետ։

Բանավեճը սկսվել է Մասկի գրառումից, որտեղ նա ընդգծել է Starlink-ի կարևոր դերը Ուկրաինայի պաշտպանության մեջ՝ այն անվանելով «ուկրաինական բանակի ողնաշար» և հավելել է, որ «Նրանց ամբողջ առաջնագիծը կփլուզվի, եթե ես այն անջատեմ»,-գրում է BBC-ն։

Սիկորսկին արագ արձագանքել է՝ նշելով, որ ծառայության վճարները հոգում է Լեհաստանը։

«Ուկրաինայի Starlink-ների համար վճարում է Լեհաստանի Թվայնացման նախարարությունը՝ տարեկան մոտ 50 միլիոն դոլար արժողությամբ: Ագրեսիայի զոհին սպառնալու էթիկայից բացի, եթե SpaceX-ը դառնա անհուսալի մատակարար, մենք ստիպված կլինենք փնտրել այլընտրանքային տարբերակներ»,–գրել է նա։

Մասկի հայտարարությունը, թե հնարավոր է անջատի ծառայությունը, ստիպել է Սիկորսկուն ակնարկել, որ նման քայլը Ուկրաինային կխթանի նոր մատակարարներ գտնելու։ Ռուբիոն արագորեն հակադարձել է՝ հերքելով, թե Մասկը պատրաստվում է անջատել Starlink-ը, և հորդորել է Սիկորսկուն ավելի երախտապարտ լինել։

Առցանց բանավեճը շարունակվել է, վերջնականապես ավարտվելով Մասկի կողմից Սիկորսկուն «փոքր մարդ» անվանելով։

Starlink-ը, որը SpaceX-ի նախաձեռնություններից մեկն է, նախատեսված է հեռավոր և ցածր հասանելիություն ունեցող շրջաններին, այդ թվում՝ պատերազմական գոտիներին, բարձր արագությամբ ինտերնետ տրամադրելու համար։

Սիկորսկու գրառումը հանգեցրել է Ռուբիոյի կտրուկ արձագանքին, ով մեղադրել է Լեհաստանի արտգործնախարարին փաստերը խեղաթյուրելու մեջ։

«Ոչ ոք չի սպառնացել Ուկրաինային զրկել Starlink-ից», - գրել է Ռուբիոն՝ հավելելով, որ Սիկորսկին «պարզապես բաներ է հորինում»։

Այնուհետև նա հորդորել է Սիկորսկուն ճանաչել Starlink-ի վճռորոշ դերը Ուկրաինայի պաշտպանության մեջ։

«Եվ ասեք շնորհակալություն, քանի որ առանց Starlink-ի Ուկրաինան վաղուց այս պատերազմում կպարտվեր, իսկ ռուսները հիմա կլինեին Լեհաստանի սահմանի մոտ», - ավելացրել է նա։

Մասկը նույնպես միացել է բանավեճին՝ կտրուկ արձագանքելով Սիկորսկուն։

«Լռիր, փոքր մարդ։ Դու ծախսերի ընդամենը չնչին մասն ես վճարում։ Եվ Starlink-ին փոխարինող չկա», - գրել է Մասկը։

Ավելի ուշ ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ չի պատրաստվում անջատել Starlink արբանյակային ցանցը, որն օգտագործում են ուկրաինացի զինվորականները, նույնիսկ եթե նրա տեսակետները չեն համընկնում Ուկրաինայի քաղաքականության հետ։

Այս մասին նա գրել է իր X (Twitter) սոցիալական ցանցում, փոխանցում է «Եվրոպեյսկայա պրավդան»։

Մասկը պարզաբանել է, որ առանց Starlink-ի ուկրաինական ուժերը կապի լուրջ խնդիրներ կունենան, քանի որ ռուսական կողմը կարող է խափանել մնացած բոլոր հաղորդակցման ուղիները։

«Որպեսզի լինի միանգամայն հստակ, անկախ նրանից, թե որքանով եմ ես համաձայն Ուկրաինայի քաղաքականության հետ, Starlink-ը երբեք չի անջատի իր տերմինալները: Մենք երբեք նման քայլի չենք դիմի և չենք օգտագործի դա որպես բանակցային գործիք», – ընդգծել է նա։

Starlink տերմինալները Ուկրաինայի բանակի գործողությունների առանցքային մասն են դարձել 2022 թվականի փետրվարին Ռուսաստանի ներխուժման մեկնարկից ի վեր։ Տասնյակ հազարավոր տերմինալներ տեղակայված են երկրում, այդ թվում՝ մինչև 500 միավոր, որոնք 2023 թվականի հունիսին ձեռք է բերել ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը։