10 մարտի 2025 - 11:53 AMT
Գերմանիայի 13 օդանավակայանում աշխատակիցները գործադուլ են հայտարարել

Գերմանիայի խոշորագույն օդանավակայաններում մարտի 10-ին սկսվել է 24-ժամյա նախազգուշական գործադուլը։ Գործադուլին մասնակցելու կոչ է արել գերմանական Ver.di արհմիությունը՝ ներառելով օդանավակայանների օպերատորներին, ցամաքային սպասարկման աշխատակիցներին և ավիացիոն անվտանգության ծառայություններին։

Գործադուլն ընդգրկել է Բեռլին-Բրանդենբուրգ, Շտուտգարտ, Քյոլն/Բոնն, Դյուսելդորֆ, Դորտմունդ, Մյունխեն, Համբուրգ, Ֆրանկֆուրտ, Հանովեր, Բրեմեն և Լայպցիգ/Հալլե օդանավակայանները։ Վեցե և Կառլսրուե/Բադեն-Բադեն օդանավակայաններում գործադուլին միացել են միայն ավիացիոն անվտանգության աշխատակիցները, որոնք վերահսկում են ուղևորներին, անձնակազմին, բեռներն ու ապրանքները, ինչպես նաև սպասարկման ծառայությունները, հայտնում է Deutsche Welle-ն։

Գերմանիայի օդանավակայանների միավորում ADV-ի գնահատմամբ՝ Ver.di-ի նախաձեռնած գործադուլի պատճառով չեղարկվելու է ավելի քան 3400 չվերթ, ինչը կազդի մոտ 510,000 ուղևորի վրա։ Արհմիությունը պահանջում է աշխատավարձերի 8%-անոց բարձրացում (ոչ պակաս, քան 350 եվրո ամսական), հավելավճարների ավելացում ծանր աշխատանքների համար և լրացուցիչ հանգստյան օրեր։ Ver.di-ի հայտարարության մեջ նշվում է, որ գործադուլը նպատակ ունի «բարելավել մոտ 25,000 աշխատակցի աշխատանքային պայմանները»։

Մարտի 9-ին, ընդհանուր գործադուլից մեկ օր առաջ, Համբուրգի օդանավակայանում տեղի է ունեցել չհայտարարված գործադուլ ցամաքային սպասարկման աշխատակիցների կողմից։ Օդանավակայանի ներկայացուցչի խոսքով, որը խոսել է dpa գործակալության հետ, նախատեսված 144 ժամանող և 139 մեկնող չվերթներից միայն 10-ն է իրականացվել առավոտյան ժամերին, իսկ մնացածը չեղարկվել են։ Սա ազդել է մոտ 40,000 ուղևորի վրա։

NDR հեռուստաալիքի տվյալներով՝ բազմաթիվ ուղևորներ դժվարությունների են բախվել, քանի որ արդեն հանձնել էին իրենց ուղեբեռը, սակայն չէին կարող այն հետ ստանալ։

Գերմանիայի օդային երթևեկության կառավարման ծառայության տվյալներով՝ սովորական օրերին երկրի օդանավակայաններում իրականացվում է մոտ 6000 թռիչք և վայրէջք, ինչպես նաև մոտ 3000 տարանցիկ թռիչք գերմանական օդային տարածքով։