Google-ը 2021-2024 թթ․ ավելի քան 16,000 ադրբեջանական ալիք է արգելափակել YouTube-ում, որոնցով Հայաստանին քննադատող ու ադրբեջանական կառավարությանը փառաբանող բովանդակություն է տարածվել։ Այդ մասին նշվում է ընկերության Սպառնալիքների վերլուծության խմբի (Threat Analysis Group) տեղեկագրում
Սակայն ամենամեծ բացահայտումները կատարվել են 2024-ին, երբ միայն մեկ տարվա ընթացքում Google-ի մասնագետներն արգելափակել են ավելի քան 14,000 յութուբյան ալիք, ինչը կազմում է այս հետաքննության շրջանակում փակված ալիքների 87%-ը, հայտնում է «Հետքը»։
Ադրբեջանի հետ առնչվող քարոզչական գործունեությանն այս զեկույցներում առաջին անգամ անդրադարձ է եղել 2021-ի երկրորդ եռամսյակում, երբ հունիսին արգելափակվել էր ադրբեջանական բանակին աջակցող բովանդակություն տարածող 33 ալիք։ Google-ի մասնագետները նշել էին, որ այդ ալիքների գործելաոճը համընկնում էր Facebook-ի կողմից նախկինում բացահայտված կեղծ քարոզչական ցանցերի հետ։
Դեռևս 2020 թվականի հոկտեմբերին Facebook-ը (ներկայում՝ Meta) Ադրբեջանի տարածքում բացահայտել էր կեղծ օգտահաշիվներով գործող քարոզչական ցանց, որի հրապարակումները հիմնականում ադրբեջաներեն, ինչպես նաև ռուսերեն ու անգլերեն լեզուներով անդրադառնում էին տարածաշրջանային զարգացումներին, քաղաքականությանը և հայ-ադրբեջանական հարաբերություններին։ Դրանցում գովաբանվում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունը, ինչպես նաև հերքվում էին Ադրբեջանի կառավարության հասցեին հնչող մարդու իրավունքների խախտման մեղադրանքները, մինչդեռ ընդդիմադիր գործիչները մեղադրվում էին դավաճանության մեջ։
Facebook-ի այս բացահայտումից հետո Google-ը ևս սկսել է մանրամասն ուսումնասիրել Ադրբեջանի հետ կապված քարոզչական գործունեությունը։ Եթե 2021-ին արգելափակվել էր 33 ալիք, ապա հաջորդ տարի դրանց թիվն արդեն հասել էր 516-ի։ Սակայն ամենամեծ բացահայտումները կատարվել են 2024-ին:
Google-ի Սպառնալիքների վերլուծության խումբը շեշտել է, որ արգելափակված ալիքներն ադրբեջանական քարոզչական ցանցի միայն մի մասն են, որոնք ուղղված են եղել նաև Հայաստանի դեմ։ Այս ալիքները բացահայտվել են ընկերության ներքին հետաքննության շրջանակում և չեն առնչվում YouTube-ի քաղաքականության խախտման այլ դեպքերի հետ։
Ըստ զեկույցների՝ 2024-ին այս հետաքննության վերաբերյալ տվյալներ սկսվել են գրանցվել հունիսից, և ամիս առ ամիս արգելափակված ալիքների թիվը շարունակաբար աճել է։
Նշվում է, որ զեկույցներում կոնկրետ թվեր չեն հրապարակվում այդ ալիքների տարածած տեսանյութերի քանակի, դրանց դիտումների կամ աշխարհագրական ազդեցության մասին։ Սակայն ակնհայտ է, որ ադրբեջանական քարոզչական գործողությունները դարձել են Google-ի հետաքննության առաջնային ուղղություններից մեկը։
Հատկանշական է, որ 2024-ին այս գործողությունները ըստ ծավալի երրորդն են եղել՝ զիջելով միայն Չինաստանի և Ռուսաստանի հետ կապվող քարոզչական արշավներին։
Բացի այդ, 2023-ի հոկտեմբերին ռուսերեն, ադրբեջաներեն և թուրքերեն լեզուներով Արցախի վերաբերյալ ադրբեջանական դիրքորոշումն արտացոլող 57 ալիք ևս արգելափակվել է՝ մեկ այլ հետաքննության շրջանակում։ Այդ ալիքները, ըստ Google-ի զեկույցի, կապվել են Ռուսաստանի հետ, սակայն դրանց բովանդակությունը հիմնականում քննադատել է հենց Ռուսաստանին ու Հայաստանին։
Սպառնալիքների վերլուծության խումբը նախկինում մեկ անգամ ևս անդրադարձել էր հայերեն բովանդակության արգելափակմանը՝ նշելով, որ Google News-ում հայերենով և վրացերենով տարածվել է ռուսամետ տեղեկատվություն՝ անդրադառնալով երկու երկրների քաղաքական իրադարձություններին։
Նշվում է, որ չնայած դժվար է գնահատել ադրբեջանական քարոզչության իրական ազդեցությունը, սակայն արգելափակված ալիքների մեծ թիվը ցույց է տալիս, որ Ադրբեջանը տեղեկատվական պատերազմի թվային ճակատում զգալի ռեսուրսներ է ներդրել։ Տեխնոլոգիական ընկերությունները, որոնք մշակում են նման հետաքննություններ, հաճախ հղում են անում միմյանց տվյալներին՝ բացահայտելով քարոզչական գործողությունների համակարգված բնույթը։