Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) 2025 թվականի մարտի 6-ին վճիռ է կայացրել Հայաստանի դեմ՝ արձանագրելով, որ խախտվել է արդար դատաքննության իրավունքը, մասնավորապես՝ Վճռաբեկ դատարան դիմելու մատչելիությունը: Չնայած այն հանգամանքին, որ գործով դիմած քաղաքացի Նելլի Ֆլջյանը մահացել է, նրա ժառանգները կարող են Հայաստանում գործի վերաբացման պահանջ ներկայացնել, հայտնում է «Հետքը»։
Նելլի Ֆլջյանը 2013 թվականի օգոստոսի 5-ին հայցադիմում է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել մոլորության ազդեցությամբ կնքված գործարքը։ Առաջին ատյանում և Վերաքննիչ դատարանում հայցը մերժվել է, իսկ Վճռաբեկ դատարանը հրաժարվել է բողոքը քննել՝ հիմնվելով ժամկետը բաց թողնելու վրա։ ՄԻԵԴ-ը նշել է, որ ժամկետի ուշացման պատճառը պայմանավորված է եղել պետական մարմինների գործողություններով, և այդ պայմաններում Վճռաբեկ դատարանը չպետք է սահմանափակեր Ֆլջյանի դիմելու իրավունքը։
Նրա խնդիրը վերաբերել է Երևանի Պուշկին փողոցի բնակելի տան և ավտոտնակի սեփականության իրավունքին։ Ֆլջյանը կարծում էր, որ 2001 թվականին կնքված անշարժ գույքի բաժանման պայմանագրով ինքն ավելի փոքր տարածք է ստացել, քան կարծում էր։ Իրավունքների սխալ գրանցման հետևանքով Վերաքննիչ դատարանում հայցը մերժվել է։
2023 թվականի հունվարի 9-ին Նելլի Ֆլջյանը մահացել է, սակայն նրա որդին՝ Աղասի Միրզոյանը, ցանկություն է հայտնել հետամուտ լինել գործին։ Հայաստանի Կառավարությունը առարկություններ չի ներկայացրել։
ՄԻԵԴ-ը իր վճռում ընդգծել է, որ Հայաստանի դատավարական օրենսդրությունում հստակ չէ, թե դատարանի որոշման պատճենը պետք է ուղարկվի շահագրգիռ կողմին, նրա փաստաբանին, թե երկուսին էլ։ Հետևաբար դատարանը գտել է, որ ներպետական դատական ատյանների գործողություններն այս հարցում անհետևողական են եղել։
«Նման իրավիճակում դիմումատուի համար անհիմն չէր ակնկալել, որ իր փաստաբանը նույնպես կստանա Վերաքննիչ դատարանի որոշման պատճենը»,- նշված է ՄԻԵԴ-ի վճռում։
Հայաստանի Կառավարությունը պնդել է, որ փաստաբանը պետք է ծանոթանար որոշմանը Datalex տեղեկատվական բազայում կամ ներկա գտնվեր հրապարակման նիստին։ Սակայն ՄԻԵԴ-ը նշել է, որ Կառավարությունը չի ներկայացրել որևէ ապացույց՝ որոշման Datalex-ում հրապարակման ամսաթվի վերաբերյալ։
ՄԻԵԴ-ը եզրակացրել է, որ Հայաստանի ներպետական դատական համակարգի գործելաոճը անորոշություն է ստեղծել դիմումատուի և նրա փաստաբանի համար, իսկ Վճռաբեկ դատարանը պատշաճ կերպով չի քննարկել հայցը՝ խախտելով արդար դատաքննության իրավունքը։
Նելլի Ֆլջյանը արդարացի փոխհատուցման պահանջ չի ներկայացրել, հետևաբար փոխհատուցման հարց չի բարձրացվել։
Վճռաբեկ դատարանի այս որոշումն ընդունել են դատավորներ Երվանդ Խունդկարյանը (այժմ՝ Սահմանադրական դատարանի դատավոր), Գոռ Հակոբյանը (ներկայում՝ Վճռաբեկ դատարանի դատավոր), Սուրեն Անտոնյանը (լիազորությունները դադարեցված է), Վարդան Ավանեսյանը (թոշակի անցած), Արտակ Բարսեղյանը (լիազորությունները դադարեցված է), Մամիկոն Դրմեյանը (թոշակի անցած), Էրնա Հայրիյանը (ներկայում՝ ԵԱՏՄ դատարանի դատավոր) և Ելենա Սողոմոնյանը (թոշակի անցած)։