Տնտեսվարողները հերթական անգամ հավաքվել են կառավարության շենքի առջև՝ արտահայտելու իրենց դժգոհությունը շրջանառության հարկը 5 տոկոսից 10 տոկոս դարձնելու որոշման դեմ։
«Պարոն Պապոյանը (ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյան,–խմբ.) մեզ խոստում տվեց, որ շուտ-շուտ հանդիպումներ կկազմակերպի, առաջարկներ կանեն, բայց դեռ դրական ոչ մի քայլ չենք տեսել, դրա համար նորից հավաքվել ենք ակցիայի։ Ասել էր՝ կքննարկենք, կլսենք ձեր առաջարկները, առաջ կքաշենք։ Բացի շրջանառության հարկը, գույքագրումն է խնդիրը, որը տեռոր է լինելու, մանր ու միջին բիզնեսի վրա հարձակում է լինելու»,–լրագրողներին ասել է ակցիայի մասնակից տիկին Կարինեն, հայտնում է Sputnik Արմենիան։
Անդրադառնալով իշխանությունների գործողություններին և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե իրեն ժողովուրդն է ընտրել, և եթե անհրաժեշտ լինի, ժողովուրդն էլ կհեռացնի՝ ակցիայի մասնակիցը նշել է, որ ներկայումս նրա ընտրողների ընդամենը 10 տոկոսն է դեռ հավատում նրան։
«2018-ին կարող է ժողովրդի 10%-ը չուզենար Նիկոլ Փաշինյանին, իսկ հիմա շատ-շատ 10% ուզենա՝ չգիտեմ ինչ շահի դիմաց: Ես մտածում եմ՝ պարոն Փաշինյանը հայ ազգին կարելի է ասել` երևի ատո՞ւմ է: Բոլոր կողմերից է այդ նեղությունը տալիս, ոչ թե մենակ տնտեսվարողներին: Հայաթափություն է լինելու, դատարկվելու է Հայաստանը: Մի քիչ մարդիկ սկսեցին աշխատել, նորից ուզում է նեղի, որ դուրս գան: Այս երկրում հնարավոր չի իրենց տեռորով աշխատել: Մենք պահանջում ենք հանդիպում միայն Նիկոլ Փաշինյանի հետ, որովհետև ոչ մեկը ոչ մի արձագանք չի տալիս»,–ասել է կինը։
Խոսելով առկա խնդիրների մասին՝ կինը նշել է, որ տնտեսվարողների մի մասը դեռևս 10 տարի առաջ ներմուծած ապրանք ունի, որը մաքսազերծվել է, ԱԱՀ-ն վճարվել է, սակայն չի իրացվել։
«Պետությունը միևնույն է` մեզ ԱԱՀ-ն հետ չի տալիս։ Այդ 10,000 արժողությամբ ապրանքը կարող է 1000 դրամով վաճառվի։ Եթե հիմա այսօր ինքը գույքագրի 5000-ով, հետո 1000-ով վաճառի, դա խնդիր է լինելու։ Ապրանքը փչանալ կա, բռակ կա, դրանք լրիվ խնդիրներ են: Բացի այդ, եթե սկսենք գույքագրել, դա պահանջելու է բարձր գներով հաշվապահություն, նաև աշխատատեղ, որը գործատուն չի կարող այդքան վճարել, այդ եկամուտները չունի»,–ասել է կինը։
Մինչ օրս առևտրականները մի քանի անգամ բողոքի ակցիաներ են իրականացրել՝ հունվարի 23-ին և փետրվարի 5-ին։ Չնայած կառավարությունում հանդիպումներ են եղել, սակայն տնտեսվարողները դժգոհ են դրանց արդյունքներից։