10 մարտի 2025 - 17:51 AMT
Փաշինյանն ու Emerson-NI ընկերության նախագահը քննարկել են համատեղ նախագծերի հնարավորությունները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող Emerson-NI ընկերության նախագահ Ռիտու Ֆավրեին։

Փաշինյանը կարևորել Emerson-NI-ի գործունեությունը Հայաստանում։ Նա նշել է, որ բարձր տեխնոլոգիաների զարգացումը կառավարության առաջնահերթություններից մեկն է, և այս ոլորտում նոր ներդրումային ծրագրերի իրականացումը մեծապես շահագրգռում է գործադիրին։

Զրուցակիցները քննարկել են ներդրումային միջավայրի բարելավման, բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման և համատեղ նախագծերի իրագործման հնարավորությունները, ինչպես նաև երկկողմ համագործակցության նոր հեռանկարները։

Նշվել է, որ Emerson-NI-ն համագործակցում է Երևանի պետական համալսարանի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ՝ բարձրորակ մասնագետների պատրաստման նպատակով։ Ռիտու Ֆավրեն ընդգծել է հայ երիտասարդների մեծ ներուժը և նշել, որ ընկերությունը շարունակելու է իր ակտիվ գործունեությունը Հայաստանում՝ կարևորելով ՀՀ կառավարության հետ սերտ համագործակցությունը։

Փաշինյանը շեշտել է կրթական ենթակառուցվածքների զարգացման ոլորտում համատեղ ծրագրերի շարունակականության ապահովման կարևորությունը։