ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Կանադայի նկատմամբ նոր մաքսատուրքերի մասին՝ ի պատասխան Օնտարիո նահանգի կողմից ԱՄՆ մատակարարվող էլեկտրաէներգիայի նկատմամբ 25-տոկոսանոց հարկի սահմանմանը, գրում է «Էխո Կավկազան»։
Truth Social-ում Թրամփը գրել է, որ հանձնարարել է Առևտրի նախարարությանը մարտի 12-ից կրկնակի բարձրացնել մաքսատուրքերը կանադական պողպատի և ալյումինի վրա՝ հասցնելով 50 տոկոսի։ Նա նաև նշել է, որ չի բացառում լրացուցիչ սահմանափակումների կիրառումը։ Բացի այդ, նախկին նախագահը պահանջել է Կանադայից անհապաղ նվազեցնել մաքսատուրքերը ամերիկյան կաթնամթերքի վրա՝ դրանք անվանելով անընդունելի։
«Եթե Կանադան չչեղարկի այլ ակնհայտ և վաղուց գործող մաքսատուրքերը, ապա ապրիլի 2-ին ես զգալիորեն կբարձրացնեմ ԱՄՆ ներմուծվող ավտոմեքենաների մաքսատուրքերը, ինչը, ըստ էության, վերջնականապես կփակի Կանադայի ավտոարտադրությունը», – նշել է Թրամփը։
Նրա խոսքով, «միակ տրամաբանական քայլը Կանադայի համար ԱՄՆ-ի 51-րդ նահանգը դառնալն է»։
«Սա կհանգեցնի բոլոր մաքսատուրքերի և այլ սահմանափակումների լիակատար վերացման։ Կանադացիների հարկերը զգալիորեն կնվազեն, նրանք ավելի պաշտպանված կլինեն թե՛ ռազմական, թե՛ այլ առումներով, քան երբևէ։ Հյուսիսային սահմանն այլևս խնդիր չի լինի, իսկ աշխարհի ամենահզոր երկիրը կդառնա ավելի մեծ, ավելի լավ և ավելի ուժեղ, քան երբևէ՝ Կանադայի կարևոր մասնակցությամբ», – գրել է Թրամփը։
Կանադայի նորանշանակ վարչապետ Մարկ Քարնին, որը մարտի 10-ին փոխարինել է Ջասթին Թրյուդոյին, մերժել է ԱՄՆ նախագահի առաջարկը՝ հայտարարելով, որ երկիրը երբեք չի դառնա ԱՄՆ-ի մաս։
Ավելի վաղ՝ փետրվարին, Թրամփը Թրյուդոյի հետ զրույցի ժամանակ կատակով առաջարկել էր Կանադային դառնալ 51-րդ նահանգ՝ խուսափելու համար ԱՄՆ-ի կողմից սահմանված 25-տոկոսանոց մաքսատուրքերից։ Դրան ի պատասխան Թրյուդոն կտրուկ արձագանքել էր․ «ոչ մի դեպքում»։