12 մարտի 2025 - 11:18 AMT
ՀՀ–ն պատրաստ է Հնդկաստանից աշխատուժ ներգրավել, սակայն սահմանափակ չափով

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Հնդկաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում WION լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանը պատրաստ է աշխատուժ ներգրավել Հնդկաստանից, սակայն այն չափով, որը կարող է համահունչ լինել թե հայկական տնտեսության, թե Հայաստանի աշխատաշուկայի համար։

Նա նշել է, որ խոսքն օրինական միգրացիայի մասին է:

«Մենք տեսնում ենք, որ Հայաստանի նկատմամբ պահանջարկ կա, սակայն սա այն ոլորտներից է, որը պետք է կարգավորվի։ Մենք հնարավորություն ունեցանք այս հարցի շուրջ մտքեր փոխանակելու նաև նախարար Ջայշանկարի հետ»,– ասել է Միրզոյանը։

Նախարարի խոսքով՝ կարգավորման հիմնական նպատակներից է ոչ միայն սահմանել, թե ինչ քանակությամբ աշխատուժ կարող է տեղափոխվել, այլև ապահովել, որ բոլոր միգրանտների իրավունքները պաշտպանված լինեն։

Միրզոյանը խոսել է նաև հնդիկ ուսանողների հոսքի մասին, ովքեր հիմնականում բժշկություն են սովորում, բայց դա սահմանափակված չէ միայն բժշկությամբ:

«Արդեն ավելի քան մեկ տասնամյակ է, մի քանի տասնամյակ, բայց մենք տեսնում ենք, որ հետաքրքրությունն աճում է, և մենք շատ շահագրգռված ենք պահպանելու, ունենալու և ընդունելու ուսանողներ Հնդկաստանից: Բայց նաև, վստահ եմ, որ Հնդկաստանում էլ կան բուհեր և կան մասնագիտություններ, որոնցով կարող են հետաքրքրվել Հայաստանի ուսանողները։ Այսպիսով, ամենայն հավանականությամբ, մենք պետք է բազմապատկենք մեր ջանքերն այս ոլորտում»,–ասել է Միրզոյանը։

ՀՀ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ Հնդկաստանից աշխատուժի ներգրավման դեպքում առկա է կարգավորման անհրաժեշտություն, քանի որ նրանց 80 տոկոսը Հայաստանում հայտնվում է անօրինական կարգավիճակում։ Ներկայումս գործատուները աշխատանքային թույլտվություն ստանալու համար դիմում են միայն մի քանի հազարի համար, մինչդեռ աշխատող հնդիկների ընդհանուր թիվը գնահատվում է 17-18 հազար։