Ֆրանսիական Figaro-ն անդրադարձել է Ադրբեջանի կողմից 2023 թվականին Արցախի գրավման ժամանակ գերեվարված և այլ ղեկավարների հետ կալանավորված Արցախի կառավարության նախկին ղեկավար Ռուբեն Վարդանյանի հացադուլին։
Նշվում է, որ մարտի 11–ին ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի հրապարակած լուսանկարում Վարդանյանը խիստ հյուծված տեսք ունի, հայտնում է Factor.am-ը։
Պարբերականը նշել է, որ նրանց համար, ովքեր ճանաչել են Արցախում, Հայաստանում և նրա սահմաններից դուրս հայտնի Ռուբեն Վարդանյանի կլոր ու կենսուրախ դեմքը, ադրբեջանական պետական լրատվամիջոցներով տարածված ռազմագերու այս լուսանկարը խոր անհանգստություն է առաջացնում։
Ռուսաստանաբնակ հայ գործարարը, որը 2022 թվականին կարճ ժամանակով ղեկավարել է Արցախի կառավարությունը, զինվորական տրիբունալի նիստերի դահլիճում հայտնվել է խիստ հյուծված վիճակում՝ հացադուլ սկսելուց գրեթե մեկ ամիս անց։
Figaro-ն ընդգծում է, որ բարերարը, որը 2020 թվականի պատերազմից հետո վերադարձել էր Ռուսաստանից՝ աջակցելու Ադրբեջանի սպառնալիքի տակ գտնվող արցախահայությանը, գերեվարվել է 2023 թվականի սեպտեմբերին՝ Բաքվի սանձազերծած ռազմական գործողությունների արդյունքում։
Նշվում է, որ հունվարի 17-ից նա և 15 այլ նախկին արցախյան պաշտոնյաներ, որոնք նույնպես գերեվարվել են, կանգնել են Բաքվի ռազմական դատարանի առջև՝ մեղադրվելով «ահաբեկչության», «անջատողականության» և «ռազմական հանցագործությունների» մեջ։ Լսումներին չեն թույլատրում մասնակցել ոչ լրագրողների, ոչ դիտորդների և ոչ էլ միջազգային կազմակերպությունների։
Մարտի սկզբին Ռուբեն Վարդանյանը իր ընտանիքի միջոցով հրապարակած աուդիոհաղորդագրության մեջ բացատրել է հացադուլ սկսելու իր որոշումը։
Նրա որդին՝ Դավիթ Վարդանյանը, որը ժամանակ առ ժամանակ կարողանում է հեռախոսով խոսել հոր հետ, նշել է, որ ընտանիքն առավել քան երբևէ մտահոգված է, սակայն Ռուբեն Վարդանյանը համոզված է, որ հացադուլը միակ ելքն է։
Ֆրանսիայում Արցախի նախկին ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը ևս կարծիք է հայտնել՝ նշելով․ «Կասկած չկա, որ Ադրբեջանի նախագահը պատրաստ է թույլ տալ, որ Ռուբեն Վարդանյանը մահանա»։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ով շինծու գործով ներկայումս պահվում է Բաքվի բանտում, ընտանիքի միջոցով աուդիոուղերձ է հղել՝ շեշտելով, որ իր կյանքում արել է այն, ինչ համարել է բարոյապես ճիշտ, և որ ամենադժվար պահերին էլ չի դավաճանել իր սկզբունքներին։
«Ես գիտակցել եմ ինչի եմ գնում, պատրաստ եմ եղել և պատրաստ եմ ավելի վատ պայմանների: Ես զոհ չեմ, ինձ պետք չէ խղճալ, քանի որ սա գիտակցված որոշում է»,–ասել է նա։