«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, հացադուլի մեջ գտնվող Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Եվրախորհրդարանում քննարկվող բանաձևը փաստացի արձագանք է Ռուբեն Վարդանյանի ուղերձին՝ շնորհակալություն հայտնելով դրա հեղինակներին։
Բանաձևում արձանագրված է, որ հայ գերիները ենթարկվում են անմարդկային ու նվաստացուցիչ վերաբերմունքի, հոգեբանական ճնշումների, և նրանց չեն տրամադրվում անկախ իրավական պաշտպանության երաշխիքներ։
«Բանաձևը պահանջում է անհապաղ ազատ արձակել Բաքվում պահվող հայերին, ինչպես նաև կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք ներգրավված են մարդու իրավունքների խախտումներում։
Այն նաև հորդորում է ԵՄ-ի Մարդու իրավունքների հատուկ ներկայացուցչին հանդիպել կալանավորված անձանց, ինչպես նաև պահանջում է, որ Բաքվում ԵՄ երկրների դեսպանները ներկա լինեն դատավարություններին և վերահսկեն դրանց ընթացքը։
Այս կարևոր բանաձևի ընդունման համար մենք նամակներ ենք ուղարկել Եվրոպական խորհրդարանի բոլոր պատգամավորներին՝ կոչ անելով աջակցել և կողմ քվեարկել բանաձևին»,- նշել է Թանդիլյանը։
Եվրախորհրդանանում քննարկման է դրվել Ադրբեջանի կողմից հայ պատանդների, այդ թվում Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան քաղաքական ներկայացուցիչների, անօրինական կալանման և կեղծ դատավարության մասին բանաձևը։ Այն ներկայացրել են Ֆրանսիսկո Ասիսը, Վասիլե Դինկուն, Նաչո Սանչես Ամորը, Էվին Ինսիրը, Վիտենիս Պովիլաս Անդրյուկայտիսը, Յաննիս Մանիատիսը՝ S&D խմբակցության անունից, հայտնում է «Առավոտը»։
Ադրբեջանի իշխանությունները պաշտոնապես ընդունել են 23 հայազգի անձանց կալանավորումը, որոնց թվում են Հայաստանի քաղաքացիներ և հայկական ծագում ունեցող անձինք։ Մինչդեռ իրավապաշտպան կազմակերպությունները փաստագրել են առնվազն 80 հայ գերեվարված անձի դեպք։
Հավաստի տեղեկություններ են առկա Բաքվում պահվող հայ բանտարկյալների հանդեպ իրականացվող բռնության, հոգեբանական ճնշումների և անարդար դատավարությունների մասին։ Արդեն յոթ անձ դատապարտվել է երկարատև ազատազրկման՝ արդար դատավարության երաշխիքների բացակայությամբ։
2025 թվականի հունվարի 17-ից սկսած՝ տասնվեց կալանավորված անձինք, որոնց թվում են Արցախի/Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմական և քաղաքական ղեկավարներ, ենթարկվել են դատավարությունների՝ առանց թափանցիկության և պատշաճ դատական ընթացակարգերի պահպանման։
Բարերար Ռուբեն Վարդանյանը, որը կալանավորվել է 2023 թվականի սեպտեմբերին, 2025 թվականի փետրվարի 19-ին հացադուլ է հայտարարել՝ բողոքելով իր անօրինական կալանման և դատավարության դեմ։
Տարբեր զեկույցներում արձանագրվել են Ադրբեջանի իշխանությունների գործողություններ, որոնք կոպտորեն խախտում են միջազգային իրավունքի նորմերը, այդ թվում՝ Ժնևի կոնվենցիան (III)։
Եվրոպական խորհրդարանում առաջարկված բանաձևը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից հայ կալանավորված անձանց, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան ներկայացուցիչների անարդար կալանավորումը, անմարդկային վերաբերմունքը և անարդար դատավարությունները՝ պահանջելով նրանց անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակումը։
Խորհրդարանը լուրջ մտահոգություն է հայտնել խոշտանգումների և վատ վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ ու կոչ է արել անկախ քննություն անցկացնել այս խախտումների կապակցությամբ։
Բանաձևի նախագծով Ադրբեջանի իշխանություններին հորդորել է պահպանել իրենց միջազգային պարտավորությունները, այդ թվում՝ Ժնևի կոնվենցիայով և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները։
Կոչ է արվել միջազգային կազմակերպություններին աջակցել մարդասիրական և բժշկական առաքելությունների տեղակայմանը՝ Բաքվում պահվող հայ կալանավորների վիճակի գնահատման համար։
Եվրոպական խորհրդարանը շեշտել է, որ անհրաժեշտ են շտապ դիվանագիտական ջանքեր՝ ուղղված հայ քաղաքական բանտարկյալների ազատ արձակմանը, նրանց պաշտպանության ապահովմանը և նրանց հանդեպ պատասխանատու անձանց հաշվետվողականությանը։
Խորհրդարանը կոչ է արել Եվրոպական խորհրդին կիրառել նպատակային պատժամիջոցներ Ադրբեջանի այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր պատասխանատու են մարդու իրավունքների խախտումների համար, այդ թվում՝ դատավորներ Զեյնալ Աղայևի, Ջամալ Ռամազանովի և Անար Ռզայևի։
Խստորեն դատապարտվել է Ադրբեջանի կառավարության որոշումը փակելու ՄԱԿ-ի մարմինների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակները, ինչը լրջորեն խոչընդոտում է միջազգային մարդասիրական ջանքերին և վերահսկողական մեխանիզմներին։
Խորհրդարանը Միջազգային քրեական դատարանին և նրա գլխավոր դատախազին կոչ է արել հետաքննել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնի տեղահանման, հետապնդման և էթնիկ զտումների դեպքերը։
Եվրոպական խորհրդարանը ողջունել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի հայտարարությունը, որը պահանջում է Ադրբեջանում անօրինականորեն կալանավորված ռազմագերիների, պատանդների և այլ անձանց, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան պաշտոնյաների անհապաղ ազատ արձակումը և անվտանգ վերադարձը։
Վերջում, խորհրդարանը հանձնարարել է իր նախագահին այս բանաձևը փոխանցել Եվրոպական խորհրդին, Եվրոպական հանձնաժողովին, ԵՄ-ի արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչին, անդամ պետությունների կառավարություններին և խորհրդարաններին, ինչպես նաև ԵԱՀԿ-ին, Եվրոպայի խորհրդին և ՄԱԿ-ին։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ով շինծու գործով ներկայումս պահվում է Բաքվի բանտում, ընտանիքի միջոցով աուդիոուղերձ է հղել՝ շեշտելով, որ իր կյանքում արել է այն, ինչ համարել է բարոյապես ճիշտ, և որ ամենադժվար պահերին էլ չի դավաճանել իր սկզբունքներին։
«Ես գիտակցել եմ ինչի եմ գնում, պատրաստ եմ եղել և պատրաստ եմ ավելի վատ պայմանների: Ես զոհ չեմ, ինձ պետք չէ խղճալ, քանի որ սա գիտակցված որոշում է»,–ասել է նա։