«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը, որը մարտի 1–ից հացադուլի մեջ էր՝ հաջակցություն շինծու գործով Ադրբեջանում պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի, հայտարարել է, որ դադարեցնում է հացադուլը։
Նա հայտնել է, որ վերջին երկու օրերին քննարկումներ են ունեցել Բաքվի բանտում հացադուլ հայտարարած Ռուբեն Վարդանյանի ընտանիքի անդամների հետ։ Նրա կինը և քույրը նրանց հորդորել են դադարեցնել հացադուլը, որպեսզի Վարդանյանը չանհանգստանա իրենց համար և կարողանա մնալ ուժեղ, հայտնում է «Փաստինֆոն»։
«Մենք նրանց խոստացել ենք դադարեցնել հացադուլը»,– նշել է Թանդիլյանը՝ հավելելով, որ այժմ սկսում են ակտիվ գործողությունների փուլ։
Մանե Թանդիլյանը, Վարդան Ավագյանն ու Արտավազդ Ալավերդյանը հացադուլը սկսել էին Ազատության հրապարակում՝ մարտի 1-ից։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ով շինծու գործով ներկայումս պահվում է Բաքվի բանտում, ընտանիքի միջոցով աուդիոուղերձ է հղել՝ շեշտելով, որ իր կյանքում արել է այն, ինչ համարել է բարոյապես ճիշտ, և որ ամենադժվար պահերին էլ չի դավաճանել իր սկզբունքներին։
«Ես գիտակցել եմ ինչի եմ գնում, պատրաստ եմ եղել և պատրաստ եմ ավելի վատ պայմանների: Ես զոհ չեմ, ինձ պետք չէ խղճալ, քանի որ սա գիտակցված որոշում է»,–ասել է նա։