12 մարտի 2025 - 18:18 AMT
Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք է առաջադրվել․ Խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք է ներկայացվել՝ քրեական գործը, որի շրջանակներում մեղադրանք է ներկայացվել, առնչվում է Իսակովի պողոտայի հողերի օտարմանը։

Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Այդ մասին հայտնել են դատախազությունից, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Մասնավորապես, ըստ Քննչական կոմիտեում քննվող գործի, ՊՆ հաշվեկշռում գտնվող 11 հա տարածք օտարվել է 2005-2006 թվականներին, երբ Սարգսյանը զբաղեցնում էր պաշտպանության նախարարի պաշտոնը։ Քրեական գործի նյութերի համաձայն՝ հողերը վաճառվել են շուկայական արժեքից էականորեն ցածր գնով և ուղղակի վաճառքի ձևաչափով։

Այս գործից առանձին քննության են ուղարկվել Վաչագան Ղազարյանի և ՊՆ կապիտալ շինարարության ու զորքերի բնակավորման վարչության նախկին պետ Արմեն Սարգսյանի մասերը։ Նրանց գործերը դատարանում արդեն անցնում են ըստ էության քննության։

Քննչական կոմիտեն Սերժ Սարգսյանին մեղադրում է ութ դրվագով խոշոր չափի հափշտակության, երկու դրվագով՝ խոշոր չափի փողերի լվացման, ինչպես նաև երեք դրվագով՝ այդ գործողություններին օժանդակելու մեջ։

Ավելի վաղ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը մեղադրանքն անհեթեթ էր որակել։ Նա նաև հայտնել էր իր մտահոգությունը՝ նշելով, որ նոր արհավիրք է սպառնում երկրին, քանի որ երրորդ նախագահի դեմ քրեական հետապնդումը իրականացվում է հենց այդ վտանգների նախաշեմին։