13 մարտի 2025 - 11:17 AMT
Փաշինյան. «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունն ապագայի նախագիծ է

Մեկնարկել են «Իրական Հայաստանի» գաղափարախոսության նախագծի քննարկումները: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ներկայացնում եմ Իրական Հայաստանի գաղափարախոսության՝ երեկ տեղի ունեցած քննարկման մտքերի փոխանակության կամ հարցուպատասխանի հատվածը։

Քննարկումներին մասնակցելու համար խնդրում եմ գրել միայն RealArmenia@gov.am էլ փոստին», - ասվում է գրառման մեջ։

Նա նաև տեսանյութ է հրապարակել հանդիպումից։

Փաշինյանն իր խոսքում նշել է, որ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, իր գնահատմամբ, ապագայի նախագիծ է։

«Դա ապագայի նախագիծ է, որն իրագործվում է ներկայի մեջ, ներկա պայմաններում, սկսած ներկայից։ Սա կարևոր նրբություն է։ Ապագայի մասին մեր ընկալումներում երբեմն ճեղք կա, որովհետև մենք այն պատկերացնում ենք երազային, այսօրվանից անջատ, մինչդեռ կիրառելի է ապագայի այն մոդելը, որն իրագործվում է այսօր», - նշել է նա։

Նա շեշտել է, որ հաճախ ապագայի մասին խոսելիս այն ընկալվում է որպես հեռավոր մի բան, որը դեռևս չի պահանջում գործնական քայլեր, մինչդեռ «ապագայի համար ժամանակ չկա, որովհետև ապագան այսօր է»։

Ըստ նրա՝ եթե ասում ենք, որ ապագայի համար հետո կաշխատենք, այդ ապագան կորսված է։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով «Իրական Հայաստան» գաղափարախոսության դրույթները, շեշտել էր նոր Սահմանադրության ընդունման կարևորությունը։ Վարչապետն ընդգծել է, որ համաժողովրդական հանրաքվեի միջոցով նոր Սահմանադրության ընդունումը կարևոր է, քանի որ նախկին հանրաքվեների նկատմամբ առկա է լեգիտիմության լուրջ պակաս՝ հանրային ընկալման տեսանկյունից:

Փաշինյանը նշել է, որ նոր Սահմանադրության գլխավոր նպատակն է հեռանալ «պետականազուրկ ազգի մնացորդային գործելակերպից և ձևավորել պետականակերտ ժողովրդի գործելակարգ»՝ հիմնված սահմանադրական համերաշխության և ժողովրդավարական մասնակցության վրա: