13 մարտի 2025 - 12:39 AMT
ՀԲ–ն առաջիկա 5 տարում $1․7 մլրդ վարկավորում կհատկացնի ՀՀ–ին

Համաշխարհային բանկը 2025-2029 թթ․ Հայաստանին տրամադրելու է երկրի տնտեսության զարգացմանը և կառավարման որակի բարելավմանը միտված բազմակողմանի աջակցություն, որը նախատեսված է համագործակցության նոր՝ հնգամյա ծրագրով։ Այն տարեսկզբին հաստատել է Համաշխարհային բանկի խմբի գործադիր տնօրենների խորհուրդը: Այդ մասին հայտնել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը, հայտնում է Արմենպրեսը։

Նա հավելել է, որ Համաշխարհային բանկի խումբն առաջիկա հինգ տարիներին 1.7 մլրդ դոլարի նպատակային վարկավորում է հատկացնելու Հայաստանին

Այս նոր ռազմավարությունը, որը հաստատվել է Համաշխարհային բանկի խմբի գործադիր տնօրենների խորհրդի կողմից տարեսկզբին, ներկայացված է «Երկրի գործընկերության շրջանակ» փաստաթղթում։

Համաշխարհային բանկի աջակցության հիմնական նպատակներն են աղքատության նվազեցումը, տնտեսական աճի խթանումը և Հայաստանի տնտեսության կայունության ամրապնդումը։ Ծրագրի առանցքում կլինի ավելի որակյալ աշխատատեղերի ստեղծումը, մարդկային կապիտալի զարգացման խթանումը և երկրի տնտեսական դիմակայունության բարձրացումը։

Ներդրումային ծրագրերը կիրականացվեն Համաշխարհային բանկի խմբի երեք հիմնական կառույցների միջոցով՝ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ), Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) և Բազմակողմ ներդրումների երաշխավորման գործակալության (ԲՆԵԳ) մասնակցությամբ։ Հնգամյա համագործակցության շրջանակում Հայաստանին հատկացվելիք վարկավորման ընդհանուր գումարը կկազմի 1.7 մլրդ ԱՄՆ դոլար։

Գեգինատը նշել է, որ ծրագիրն ուղղված է հիմնականում աշխատանքային շուկայում խոցելի խմբերին, այդ թվում՝ կանանց և երիտասարդներին, որոնք չեն ներգրավված կրթական կամ վերապատրաստման գործընթացներում։ Ընդգծված ուշադրություն կդարձվի նաև սոցիալական պաշտպանության համակարգի կատարելագործմանը՝ ճգնաժամային իրավիճակներում բնակչության կարիքավոր խմբերին ավելի արդյունավետ աջակցություն տրամադրելու համար։

Բացի այդ, միջոցներ կուղղվեն կլիմայական կայունության ապահովմանը, պետական կառավարման բարելավմանը և ինստիտուցիոնալ համակարգերի զարգացմանը, ինչը Հայաստանի բնակչությանը երկարաժամկետ կտրվածքով կբերի կայուն օգուտներ։

Նշվել է նաև, որ Համաշխարհային բանկն աշխատում է Հայաստանի կառավարության հետ՝ հանրային հաստատությունների կարողությունները ամրապնդելու նպատակով։ Հատուկ ուշադրություն է դարձվում պետական ֆինանսների կառավարման բարելավմանը, ռազմավարական պլանավորմանը, մարդկային ռեսուրսների կառավարմանը և կառավարման բարեփոխումների մշակմանը։

Արդարադատության համակարգի բարելավման նպատակով մշակվում է աջակցության հատուկ փաթեթ, որը միտված կլինի ծառայությունների մատչելիության և արդյունավետության բարձրացմանը։

Անդրադառնալով այն հարցին, թե իչպե՞ս է վերահսկվելու ծրագրի ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործումը՝ Գեգինատն ասել է, որ ծրագրի հաջող իրականացման համար կձեռնարկվեն մի շարք միջոցներ՝ ներառյալ հանրային ներդրումների կառավարման բարելավումը, կոռուպցիայի կանխարգելման մեխանիզմների կատարելագործումը, ինչպես նաև տվյալների վերլուծության և հրապարակայնության բարձրացումը։

Այս քայլերը կոչված են ապահովելու ֆինանսական միջոցների թափանցիկ և արդյունավետ կառավարում՝ նպաստելով Հայաստանի հետ Համաշխարհային բանկի գործընկերության արդյունավետության բարձրացմանը։