Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում նշել է, որ վերջին շրջանում վիրտուալ հարթակներում հանցագործությունների դրսևորումները գնալով ավելի նուրբ շերտավորում են ստանում։
«Շանտաժի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության առումով գնալով որոշակի նուրբ շերտեր են բացվում տարբեր առումներով, հանցանք կատարած անձանց դեպքում վարքագիծը ևս փոփոխության է ենթարկվում»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։
Նա այդպես է պատասխանել այն հարցին, որ էլեկտրոնային հարթակներում կանանց կեղծմերկ լուսանկարներ են տարածվում, շանտաժ են անում և գումար շորթում։
Նա նշել է, որ գնալով վիրտուալ տիրույթով են հիմնականում իրականացվում նման հանցանքները, կիրառվում են Տելեգրամյան ալիքները կամ այլ հնարավորություններ, որոնք ավելի բարդացնում են իրավապահ համակարգի աշխատանքը։
«Կան որոշակի խումբ հանցանքեր, որտեղ տուժածի վարքագիծը չափազանց կարևոր նշանակություն է ունենում հանցանքի վրա հասնելու հետ կապված։ Պայմանականորեն, համակարգչային հափշտակությունների թեմաներով կամ կիբերհանցագործության այլ դրվագների հիմքերով անձինք ընդամենը տարբեր հարթակներում լրացնում են անձնական տվյալները, բերում է հանցագործության իրականացմանը»,- նշել է նախարարը։
Արփինե Սարգսյանը քաղաքացիներին հորդորել է հնարավորինս զգոն լինել վիրտուալ միջավայրում և պահպանել անվտանգության կանոնները՝ խուսափելու համար հնարավոր ռիսկերից։