Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցություններն ավարտվել են։ Նա նշել է, որ հայկական կողմը ընդունել է վերջին երկու չհամաձայնեցված կետերը, հայտնում է APA-ն։
«Տեքստի վրա աշխատանքն ավարտվել է։ Հաջորդ փուլում Բաքվի ակնկալիքը հետևյալն է՝ Հայաստանի Սահմանադրությունից պետք է հանվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները։ Բացի այդ, պետք է լուծարվի Մինսկի խումբը և նրա մնացորդները»,–ասել է նա։
Խաղաղության համաձայնագրի նախագիծը բաղկացած է 17 կետից, որոնցից նախկինում համաձայնեցվել էին 15-ը։ Չհամաձայնեցված կետերից մեկը միմյանց նկատմամբ միջազգային մակարդակով պահանջներից հրաժարվելն էր, իսկ մյուսը՝ այլ երկրների ներկայացուցիչներին Ադրբեջանի և Հայաստանի սահմանին չտեղակայելը։