Կառավարությունը մերժել է «Հայաստան» խմբակցության առաջարկած օրենսդրական փոփոխությունների նախագիծը, որով նախատեսվում էր մեղմել գույքահարկի վճարման նոր կարգը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ անշարժ գույքի հարկման շատ բարդ և կարևոր որոշում է Կառավարությունը կայացրել և ընդունել, և հավելել է, որ ոչ մի կոմպրոմիս չի լինելու։
«Ինչքան էլ բարդ է, ինչքան էլ դժվար է, ինչքան էլ պոպուլյար չէ, մենք այս որոշումը կայացրել ենք և պինդ կանգնելու ենք այս որոշման վրա: Կներեք, բայց այս հարցում չի լինելու ոչ մի կոմպրոմիս, որովհետև մենք այս հարցով ստիպում ենք, որ համայնքը զարգանա, որ համայնքն ավելի լավ ապրի, ստիպում ենք, որ գյուղը ցեխի միջից դուրս գա»,- նշել է նա:
Fինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ասել է, որ օրինագծով առաջարկվում է սահմանել, որ ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված 2025–ի համար 75 տոկոսի չափով և 2026-ից՝ 100 տոկոսի չափով անշարժ գույքի հարկի հաշվարկման չափերը կիրառվում են միայն 200 միլիոն դրամից ավելի հարկման բազա ունեցող անշարժ գույքերի մասով:
Գույքահարկի աստիճանական բարձրացումը մեկնարկել է 2021-ից` հարկման դրույքաչափերը տարեցտարի բարձրանում են՝ 2026 թվականին հասնելով 100 տոկոսի։ Այսինքն՝ առաջիկա երկու տարիների ընթացքում այն 2024 թվականի համեմատ կավելանա ևս 50 տոկոսով։
Նա հավելել է, որ ընդդիմության առաջարկը կառավարությունը չի կարող ընդունել։ Ըստ նախարարի, արդեն իսկ ներդրված հարկման համակարգը արդար և հավասարակշռված մոտեցում է ապահովում։
«Ընտրվել են հարկման իմաստով հնարավորինս արդար և համաչափ լուծումներ։ Մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ մինչև 25 մլն դրամ արժեք ունեցող բնակարաններն ու անհատական տները կազմում են ամբողջ բնակֆոնդի ավելի քան 85 տոկոսը։ Այս խմբի համար հարկային բեռի փոփոխությունը էական չէ՝ տարեկան առավելագույնը 20 հազար դրամ։ Իսկ 25-200 մլն դրամ գնահատվող անշարժ գույքը կազմում է ընդհանուր շուկայի 11 տոկոսը, և այս խմբի համար հարկման միջին աճը կկազմի տարեկան մոտ 50 հազար դրամ»,- ընդգծել է Հովհաննիսյանը։
Պաշտոնական տվյալների համաձայն՝ գույքահարկի նոր սանդղակով հարկվելու է 432,000 բնակարան։ Դրանցից 402,000-ի համար հարկը չի գերազանցի տարեկան 30,000 դրամը։ Երբ 2026 թվականին օրենքն ամբողջությամբ ուժի մեջ մտնի, գույքահարկից գոյացած տարեկան մուտքերը կգերազանցեն 40 մլրդ դրամը՝ ներկայիս 9 մլրդի փոխարեն։