13 մարտի 2025 - 17:53 AMT
Ըստ Հաջիևի՝ ՀՀ–ն սխալվում է, եթե կարծում է, որ բանաձևերը կարող են ազդել Ադրբեջանի վրա

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե Երևանը սխալվում է, եթե կարծում է, որ կարող է բանաձևերի միջոցով ազդել Ադրբեջանի որոշումների վրա։

Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որով պահանջում է Ադրբեջանից անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և այլ կալանավորված անձանց։

«Հայաստանը և նրա հովանավորները սխալվում են»,–ասել է նա, հայտնում է Minval.az-ը։

Հաջիևը նաև հայտարարել է, թե Հայաստանի տարածքում կան անձինք, ովքեր «պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն»։

Հաջիևը նաև ընդգծել է, որ քննարկումների առանցքում է գտնվում փոխհատուցման հարցը։

«Ադրբեջանի նախագահի հանձնարարությամբ համապատասխան կառույցները ժամանակակից մեթոդների կիրառմամբ մանրամասն գնահատել են Հայաստանի 30-ամյա օկուպացիայի հետևանքով մեր քաղաքների ու գյուղերի ավերածությունները, ինչպես նաև մեր մշակութային ու նյութական ժառանգության ոչնչացումն ու թալանը։ Այս հարցը շարունակում է մնալ կարևոր թեմա՝ տարածաշրջանում լիարժեք խաղաղություն ապահովելու համար»,–ասել է Հաջիևը։

Նա փաստացի նոր պահանջներ է ներկայացրել Հայաստանին՝ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն ավարտելու վերաբերյալ ՀՀ և Ադրբեջանի ԱԳՆ–ների հայտարարության ֆոնին։

ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։

Խաղաղության համաձայնագրի նախագիծը բաղկացած է 17 կետից, որոնցից նախկինում համաձայնեցվել էր 15-ը։ Չհամաձայնեցված կետերից մեկը միմյանց նկատմամբ միջազգային մակարդակով պահանջներից հրաժարվելն էր, իսկ մյուսը՝ այլ երկրների ներկայացուցիչներին Ադրբեջանի և Հայաստանի սահմանին չտեղակայելը։