13 մարտի 2025 - 18:00 AMT
Աղջիկները 16 տարեկանից կկարողանան ինքնուրույն որոշել հղիության ընդհատման հարցը

Կառավարությունն ընդունել է որոշում, որով ճշգրտվել են հղիության արհեստական ընդհատման իրականացման պայմանները։ Համաձայն նոր կարգավորման՝ մինչև 8 շաբաթական հղիության դեպքում դեղորայքային ընդհատումը կարող է իրականացվել նաև արտահիվանդանոցային պայմաններում։

Օրենսդրական փոփոխությամբ «անչափահաս» տերմինը փոխարինվել է «մինչև 16 տարեկան» ձևակերպմամբ, ինչի արդյունքում ծնողի կամ օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնությունը պարտադիր կլինի միայն 16 տարին չլրացած անձանց համար, հայտնում է Auroranews.am-ը։

Բացի այդ, սոցիալական պատճառներով հղիության դադարեցման համար սահմանվել է գրավոր դիմում ներկայացնելու պահանջ։

Նոր որոշմամբ ամրագրվել է 16 տարին լրացած դեռահաս աղջիկների իրավունքները՝ թույլատրելով նրանց ինքնուրույն որոշում կայացնել հղիության արհեստական ընդհատման վերաբերյալ։ Միաժամանակ, եթե մինչև 16 տարեկան անձի ծնողը կամ օրինական ներկայացուցիչը բացակայում է, ապա հնարավորություն է տրվում ներգրավել նրա կողմից լիազորած կոնտակտային անձին, հաշվի առնելով երեխայի կարծիքը։

Վերացվել են բժշկական միջամտության որոշ դեպքերում նախատեսված համաձայնության ձևերը՝ կրճատելով ավելորդ ընթացակարգերը։

Բացի այդ, բժշկական ցուցումներով հղիության ընդհատման ենթակետերում ավելացվել է «չզարգացող հղիություն» ախտորոշումը, որն իր բովանդակությամբ համարժեք է «մահացած պտուղ» եզրույթին։ Նախկինում այս ձևակերպման բացակայությունը կարող էր թյուրըմբռնում առաջացնել։

Առաջարկվել է կնոջ կողմից ներկայացվող դիմումը ներբեռնել էլեկտրոնային առողջապահական համակարգում՝ գործընթացն առավել հստակ և կանոնակարգված դարձնելու նպատակով։