14 մարտի 2025 - 11:15 AMT
Մակրոն․ ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանն այժմ ոչինչ չի խոչընդոտում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտը։

«Ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը։ Այժմ ոչինչ չի խոչընդոտում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը, որը պետք է ճանապարհ հարթի Հարավային Կովկասում կայուն խաղաղության համար»,- ընդգծել է նախագահ Մակրոնը, հայտնում է Factor.am-ը։

Մինչդեռ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեղադրանքներ է հնչեցրել Ֆրանսիայի նախագահի հասցեին՝ հայտարարելով, որ Ֆրանսիան աջակցում է Հայաստանի ռազմական ներուժի աճին և դրանով իսկ դրդելով նրան նոր պատերազմի։ Այդ մասին նա ասել է XII Գլոբալ Բաքվի համաժողովի բացման ժամանակ, հայտնում է Minval.az-ը։

«Անհերքելի է, որ նրանք մեծացնում են իրենց ռազմական ներուժը։ Դա ինչի՞ մասին է վկայում։ Ցույց է տալիս, որ նրանք պատրաստվում են նոր պատերազմի։ Իսկ ովքե՞ր են նրանց կրկին պատերազմի դրդում։ Ֆրանսիան և նրա նախագահը։ Մահաբեր զենքը, որը նրանք մատակարարում են Հայաստանին, ուղղված է մեր դեմ։ CAESAR հաուբիցները, որոնք այսօր գուցե պետք են այլ վայրերում, ուղարկվում են Հայաստան», - նշել է նախագահը։

ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։

Խաղաղության համաձայնագրի նախագիծը բաղկացած է 17 կետից, որոնցից նախկինում համաձայնեցվել էր 15-ը։ Չհամաձայնեցված կետերից մեկը միմյանց նկատմամբ միջազգային մակարդակով պահանջներից հրաժարվելն էր, իսկ մյուսը՝ այլ երկրների ներկայացուցիչներին Ադրբեջանի և Հայաստանի սահմանին չտեղակայելը։

Photo. AP