14 մարտի 2025 - 11:42 AMT
Վարչապետ. Ճանապարհ տալու ենք Ադրբեջանին, թե ինչպես՝ կա իմ հոդվածում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում չի բացառել, որ որևէ փուլում Հայաստանով ճանապարհ է տրամադրելու Ադրբեջանին։

«Այո, Ադրբեջանին ճանապարհ տալու ենք։ Իսկ թե ինչպես ենք տալու, իմ հոդվածում մանրամասն ձևակերպված է»,- հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնում է Radar.am-ը։

Նա հավելել է, որ երբ Ադրբեջանի պաշտոնական պատասխանը լինի, հաջորդ վայրկյանից պատրաստ են առաջարկի իրագործմանը։

ՀՀ տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան ճանապարհ կամ այսպես կոչված «միջանցքի» մասի հարցին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև թուրքական լրատվամիջոցների հետ զրույցում՝ նշելով, որ Հայաստանի համար «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը թե՛ անհասկանալի է, թե՛ անընդունելի։

«Հայաստանի Հանրապետությունը այդ արտահայտության հետ որևէ առնչություն չունի և այն փաստով, երբ նման արտահայտությունն է օգտագործվում՝ այստեղ դա ընկալվում է որպես տարածքային նկրտում Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ»,– ասել է նա։

Փաշինյանը նշել է, որ ինքը հոդված է հրապարակել այս թեմայի վերաբերյալ՝ շեշտելով, որ Հայաստանը կողմնակից է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը։

«Թույլ տվեք ասել, որ առաջին հերթին մենք ենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացման կողմնակից, որովհետև իրականում մենք ենք, որ շրջափակման մեջ ենք։ Ոչ մի ուրիշ երկիր տարածաշրջանում շրջափակման մեջ չի, մենք չորս սահման ունենք, որից երկուսը ամբողջությամբ փակ են»,– նշել է նա։

Վարչապետը հիշեցրել է, որ շատ հաճախ հղում է արվում 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետին, սակայն նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ այդ կետում «միջանցք» արտահայտությունը ընդհանրապես չկա։

«Ես հասկանում եմ, որ միջանցք բառը այլ տարածաշրջաններում և միջազգային խոսույթում այլ կերպ է օգտագործվում, բայց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համատեքստում այդտեղ կա մի նրբություն, այնտեղ կա «Լաչինի միջանցք» արտահայտություն, այսինքն դա գրված և ստորագրված է, իսկ եռակողմ հայտարարության 9-րդ կետում միջանցք արտահայտություն ընդհանրապես գոյություն չունի»,– ընդգծել է նա։

Փաշինյանը հավելել է, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունում նաև որևէ դրույթ չկա, ըստ որի՝ Հայաստանի տարածքով բեռների և ուղևորների տեղաշարժի անվտանգությունը պետք է ապահովեն երրորդ երկրների ներկայացուցիչներ կամ ուժեր։

«Ավելին, գրված է, որ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է բեռների, տրանսպորտային միջոցների ուղևորների երթևեկությունը անցուդարձը»,– նշել է նա։

Նա նաև շեշտել է, որ եռակողմ հայտարարությունը չի կարելի մասնակի կերպով մեկնաբանել։

«Օրինակ, եռակողմ հայտարարության մեջ նշվում է գերիների, պատանդների, ռազմագերիների և այլ պահվող անձանց փոխանակման և վերադարձի մասին, բայց մինչև հիմա այդ խնդիրը լուծված չէ։ Ավելին, սրվում է Բաքվում տեղի ունեցող դատավարությունների բերումով, որը մեր գնահատմամբ դրանք բեմականացված դատավարություններ են, որտեղ կիրառվում են արգելված միջոցներ, խոշտանգումներ, մեր ունեցած տվյալներով՝ այլ արգելված միջոցներ և այլն, և այդպես շարունակ»,– նշել է նա։

Փաշինյանը նշել է, որ Հայաստանը պատրաստ է ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանների կապը Նախիջևանի հետ՝ սեփական տարածքով։

«Մենք այս թեմայով շատ կոնկրետ առաջարկություն ենք արել Ադրբեջանին, որը մեր կարծիքով ոչ թե ուղղակի առաջարկություն է, այլ լուծում է խնդիրը երկաթուղային բեռնափոխադրումների մասով և մենք սպասում ենք Ադրբեջանի արձագանքին։

Ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ ընդհանուր առմամբ, այդ թվում՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, 2020 թվականի առանձին վերցրած օրակարգ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև տրանսպորտային կապ ապահովելու, առանձին վերցրած այդպիսի օրակարգ չկա։ Այդ օրակարգը մտնում է ընդհանրապես տարածաշրջանային կոմունիկացիաների բացման օրակարգի մեջ, ինչը նշանակում է, որ Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար միմյանց համար պետք է բացեն կոմունիկացիաները և ներքին, այսինքն Հայաստանից՝ Հայաստան-Ադրբեջանի տարածքով, Ադրբեջանից՝ Ադրբեջան Հայաստանի տարածքով կոմունիկացիաները բացելու համար»,– ասել է նա։

Վարչապետը նշել է, որ Հայաստանի հյուսիսային շրջաններից դեպի Մեղրի երկաթուղային կապ չկա, և ներկայումս այդ հաղորդակցությունը հնարավոր է միայն Ադրբեջանի՝ այսինքն Նախիջևանի տարածքով։

«Հետևաբար, մենք ասում ենք, որ պատրաստ ենք, իհարկե, ապահովել երկաթուղային կապը և ակնկալում ենք, որ նույնպիսի կապ կապահովվի նաև մեր համար»,– եզրափակել է նա։