14 մարտի 2025 - 12:33 AMT
Փաշինյան․ Տեսնում ենք, որ Թուրքիան կողմ է ՀՀ և Ադրբեջանի միջև պայմանագրի ստորագրմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թուրք լրագրողների հետ հանդիպմանը պատասխանել է նաև այն դիտարկմանը , թե արդյոք Ադրբեջանի հետ հարաբերությունների բացակայությունը խոչընդոտում է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացին։

Փաշինյանը պատասխանել է, որ հայկական կողմի ընկալմամբ, եթե ուղերձները ճիշտ են հասկացվել, Թուրքիան կողմ է ՀՀ և Ադրբեջանի միջև պայմանագրի ստորագրմանը։

Վարչապետը չի համաձայնել այն դիտարկման հետ, որ հորիզոնում Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը չի երևում։

«Ես կասեմ, որ պարզապես այդպես անընդհատ փորձ է արվում ծխածածկույթ ապահովել հորիզոնի երկայնքով, որպեսզի այդ խաղաղությունը չերևա։ Իրականում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շատ կարևոր հենասյուներ դրվել են։ Որո՞նք են այդ հենասյուները, մեկը ես արդեն նշեցի։

Հայաստանը և Ադրբեջանը, ըստ էության, պայմանավորվել են, որ ճանաչում են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը։ Սա այն է, ինչ հորիզոնում պետք է երևա։ Ավելին ասեմ, խաղաղության պայմանագրի նախագծի համաձայնեցված հոդվածներում վերարձանագրվել է այս իրողությունը, արձանագրել են, որ չունեն միմյանցից տարածքային պահանջներ և փոխադարձաբար պարտավորվում են նման տարածքային պահանջներ չներկայացնել ապագայում։ Սա շատ հստակ երևում է հորիզոնում, բայց հիմա Դուք կհարցնեք, իսկ ո՞րն է ծխածածկույթը։ Ծխածածկույթն «արևմտյան Ադրբեջանի» մասին խոսույթն է, որովհետև երբ պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ ճանաչում ենք միմյանց տարածքային ամբողջականությունը, ուրեմն չպետք է լինի «արևմտյան Ադրբեջանի» խոսույթ։

Ծխածածկույթ են Բաքվում տեղի ունեցող դատավարությունները, որոնք մի նպատակ ունեն, ես չգիտեմ ինչ, համենայնդեպս մեր ընկալումն է այդպիսին, զրոյացնել այն ձեռքբերումները, որոնք ունեցել ենք խաղաղության գործընթացում, որովհետև մենք արդեն չորս տարի բանակցում ենք խաղաղության պրոցեսի վերաբերյալ և ունենք արդյունքներ: Արդեն իսկ ասել եմ, մենք դա չենք արձանագրում, անընդհատ կենտրոնացած ենք խաղաղության համաձայնագրի վրա, որն իհարկե կարևոր անկյունաքարային բան է, բայց այն, որ Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրել են միջազգային փաստաթուղթ և վավերացրել են երկու երկրներում, դա արդեն իսկ կայացած փաստ է և կայացած իրողություն: Ավելին, մենք սահմանազատված սահմանային հատվածներ ունենք: Եվ այստեղ է խնդիրը՝ այս կետից ինչ ճանապարհով ենք գնում: Ես, եթե ուշադիր էիք, ասացի, որ եթե հետևողական լինենք մենք մեր ջանքերում՝ արդեն իսկ այդ ճանապարհը, այդ նախագիծը սեղանին է, մնում է այդ նախագծից չհրաժարվել։ Մեզ ըստ էության շատ նոր բան կառուցել այս փուլում պետք չէ, անհրաժեշտ է ընդամենը այն, ինչ արձանագրված է, դա չոչնչացնել։ Սրա մասին է խոսքը»,–ասել է Փաշինյանը։

Նա նշել է, որ հայկական կողմը հասկանում է նաև զգայունությունները և առանձնահատկությունները, որոնք կան Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններում:

«Դա հնարավոր չէ ժխտել, բայց մյուս կողմից արդեն ասացի, որ մենք ունենք պրոցեսներ նաև Հայաստան-Թուրքիա հարաբերություններում։ Եվ ես նոր մտածեցի, որ այն առաջին յոթ րոպեում, երբ նշում էի Հայաստան-Թուրքիա հարաբերություններում իրադարձությունները, ես բաներ բաց թողեցի, որ կարող էի լրացնել՝ հասնել 10, 11, 12, 15 րոպեի։ Ընդհուպ, որ հիմա արդեն երկու տարի անընդմեջ Հայաստանի արտաքին գործերի նախարարը մասնակցել է Անթալիայի դիվանագիտական խորհրդաժողովին։ Ավերիչ երկրաշարժից հետո Արտաքին գործերի նախարարի այց տեղի ունեցավ Թուրքիայի աղետի գոտի, մենք հումանիտար աջակցություն ուղարկեցինք, լավ է, որ հումանիտար աջակցություն ուղարկեցինք, վատ է, որ նման ողբերգական իրադարձությունների հանգամանքով և բերումով։

Բայց ես նորից եմ ասում, նաև Թուրքիայի դերի առումով, այստեղ իմ կարծիքով Թուրքիան էլ ընտրելու բան ունի, որովհետև մենք լսում ենք, որ Թուրքիան փորձ է անում կամ, առնվազն, գուցե մենք սխալ ենք ընկալում ուղերձը:

Ինչպես Դուք նշեցիք, ինչո՞ւ է Թուրքիան Միացյալ Նահանգների հետ քննարկում նաև Հարավային Կովկասի խնդիրները, որովհետև մեր ընկալումն այն է, որ Թուրքիան, համենայնդեպս ուղերձներն այդպիսին են, Հարավային Կովկասում կայունության օգտին է հանդես գալիս Թուրքիան։ Մենք տեսնում ենք, որ Թուրքիան և՛ նախագահի, և՛ Արտաքին գործերի նախարարի մակարդակով հանդես է գալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման օգտին։ Եվ եթե մենք ճիշտ ենք ընկալում այս ուղերձները, առնվազն կամ մենք ընկալում ենք գուցե թե սա նշանակում է նաև որոշակի բալանս Հարավային Կովկասում Թուրքիայի ունեցած հարաբերությունների կամ գուցե մենք սխալ ենք ընկալում: Բայց մյուս կողմից ցանկացած ջանք, որը կնպաստի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, իհարկե օգտակար կլինի: Սակայն մենք պետք է նաև հաշվի առնենք, որ Հայաստանը և Ադրբեջանը հիմա աշխատում են երկկողմ ֆորմատով, բայց մյուս կողմից մենք նաև ուզում ենք, որ մեր միջազգային գործընկերները տեղյակ լինեն ինչ է կատարվում խաղաղության գործընթացում, և նաև մեր տեղեկատվությունը կիսում ենք նրանց հետ»,-ասել է վարչապետը։

Թուրքիայի նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Ակիֆ Չագաթայ Քըլըչը անդրադարձել է հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերություններին՝ շեշտելով խաղաղության պայմանագրի կարևորությունը, հայտնում է Radar.am-ը։

«Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ մեր դիրքորոշումը նախապես հայտնի է. մեզ համար Ադրբեջանի անվտանգությունն ու նրա տարածքային ամբողջականությունն ամենակարևոր գործոններն են։ Խոսելով այս դիրքից՝ մենք ուշադիր հետևում ենք ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանի և Հայաստանի միջև տեղի ունեցող գործընթացին, խաղաղության պայմանագրի խնդրին և դրան համապատասխան քայլեր ենք ձեռնարկում։

Բնականաբար, մենք քննարկումների մեջ ենք Հայաստանի հետ։ Կան միջազգային կառույցներ, որոնցում ներկայացված են Ադրբեջանը, Թուրքիան և Հայաստանը։ Մենք աշխատում ենք ճիշտ լուծում գտնելու, միասին առաջ շարժվելու և խաղաղ ապրելու ուղղությամբ»,- նշել է նա։

Ինչ վերաբերում է Թուրքիայի և Հայաստանի միջև դիվանագիտական ​​ներկայացուցչությունների փոխադարձ բացման հավանականությանը, Քըլըչը նշել է․ «Ստեղծված իրավիճակում այս հարցը քննարկելու նախադրյալներ չկան։ Եվ ես այս մասին տեղեկություն չունեմ։ Եվս մեկ անգամ նշեմ, որ մեր դիրքորոշումն այս գործընթացի վերաբերյալ հայտնի է՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը շատ հարցերի լուծման բանալին կլինի։ Խնդիրը, որի վրա այժմ կենտրոնացած ենք, Ադրբեջանի և Հայաստանի միջև գործընթացն է»։