ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի համաձայնեցված տեքստը անդրադառնում է երկու երկրների սահմանադրություններում տարածքային պահանջների հնարավոր առկայության հարցին, թեև Հայաստանի Սահմանադրությունը որևէ երկրի նկատմամբ տարածքային պահանջներ չի պարունակում։
Երբ նրան հարցրել են, թե արդյոք Բաքվից հնչող՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխության վերաբերյալ պահանջի հարցով հայկական կողմն Ադրբեջանի հետ քննարկումներ ունեցել է, վարչապետը պատասխանել է, որ չի ունեցել, հայտնում է Արմենպրեսը։
«Ոչ, չունի դրա հետ կապված քննարկում»,–ասել է նա։
Փաշինյանը հիշեցրել է, որ այս հարցի շուրջ Հայաստանի դիրքորոշումն արդեն ներկայացվել է։
«Առավել ևս Սահմանադրական դատարանի՝ նախորդ տարվա որոշումից հետո ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը չունի տարածքային պահանջներ Ադրբեջանի կամ որևէ այլ երկրի նկատմամբ: Երկրորդը՝ մենք կարծում ենք, որ Ադրբեջանի Սահմանադրությունում կան պահանջներ՝ Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Բայց այդ բոլոր հնարավոր ընկալումների հետ կապված հիմա արդեն կա նոր իրողություն: Այդ նոր իրողությունը խաղաղության համաձայնագրի նախագծի համաձայնեցված տեքստի առկայությունն է: Իսկ խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստը բոլոր այդ մտահոգությունները հասցեագրում է, լուծում է»,–ասել է նա։
Վարչապետը հավելել է, որ առաջիկա քննարկումների ընթացքում կփորձեն հասկանալ Ադրբեջանի դիրքորոշման հիմնավորումը։
«Մենք էլ կարծում ենք, որ Ադրբեջանի Սահմանադրությունն է ՀՀ-ից տարածքային պահանջներ պարունակում: Հարց կբարձրացնեք, թե այդ դեպքում ինչու Հայաստանն էլ իր հերթին չի բարձրացնում Ադրբեջանի Սահմանադրության հարցը: Առավել ևս հիմա, երբ ունենք համաձայնեցված տեքստ, երկու կողմից հաստատված, որ տեքստը համաձայնեցված է, ասում եմ, որ խաղաղության համաձայնագրի նախագծի առնվազն երեք հոդվածներում այդ խնդիրներին անդրադարձ կա, և այդ հարցերը լուծված են»,–ասել է նա։
Փաշինյանի խոսքով՝ եթե այս հարցը երկկողմ քննարկումների շրջանակում բարձրացվի, ապա կքննարկվի նաև այն, որ Ադրբեջանի Սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում Հայաստանի նկատմամբ, և կբացատրվի, թե ինչու Հայաստանը համարում է, որ համաձայնեցված տեքստը լուծել է այս խնդիրը՝ այդ թվում Ադրբեջանի Սահմանադրությունում առկա ձևակերպումների համատեքստում։
Վարչապետը նաև նշել է, որ մինչ այժմ Բաքվի հետ բանակցային սեղանի շուրջ Սահմանադրության հարցը չի քննարկվել։
«Իրենք ասել են, որ խնդիր են տեսնում: Մենք էլ ասել ենք, որ մենք մեր ներքին հարցերը չենք քննարկում: Սահմանադրության հետ կապված հարցերը մեր ներքին հարցերն են: Եվ մենք դա Ադրբեջանի հետ չենք քննարկում»,- ընդգծել է նա։
Փաշինյանը նաև ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծում բացակայում են դրույթներ, որոնք վերաբերում են միայն կողմերից մեկին, հայտնում է Արմենպրեսը։
«Խաղաղության համաձայնագրի նախագծում միակողմանի ոչ մի դրույթ չկա: Խաղաղության համաձայնագրի նախագծում չկա մի դրույթ, որը վերաբերում է Հայաստանի Հանրապետությանը և չի վերաբերում Ադրբեջանին»,– վստահեցրել է վարչապետը։
Փաշինյանի խոսքով՝ համաձայնագրի բոլոր դրույթները նախատեսված են երկու կողմերի համար, և չկա որևէ կետ, որը պարտավորություններ կդներ միայն Հայաստանի կամ Ադրբեջանի վրա։
ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։