14 մարտի 2025 - 13:44 AMT
ԱԳ նախարար․ Գերիների ազատ արձակումը կարևոր է համապարփակ կարգավորման համար

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ազգային ժողովում ասել է, որ գերիների ազատ արձակումը կարևոր է համապարփակ կարգավորման համար:

Նա հավելել է, որ թե՛ Ադրբեջանի, թե՛ միջազգային գործընկերների հետ շարունակական քննարկումներում մշտապես ուշադրության կենտրոնում են եղել այն հարցերը, որոնք դուրս են մնացել խաղաղության համաձայնագրի տեքստից կամ չեն տեղավորվում սահմանազատման ու ապաշրջափակման գործընթացներում, հայտնում է 1lurer.am-ը։

«Մենք, ինչպես նախկինում, այժմ ևս համարում ենք, որ հումանիտար հարցերի լուծումը և, իհարկե, առաջին հերթին, գերիների, պատանդառված և այլ պահվող անձանց ազատ արձակումը շատ կարևոր բաղադրիչ է համապարփակ կարգավորման համար»,- ընդգծել է Միրզոյանը։

Բաքվում շինծու գործերով դատավարություններ են ընթանում 23 հայ գերու նկատմամբ, այդ թվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության։