Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ մարտի 17-ից Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ հիվանդությունների նկատմամբ շճահամաճարակաբանական հետազոտությունը, որի նպատակն է գնահատել բնակչության շրջանում կարմրուկի, կարմրախտի, խոզուկի, կորոնավիրուսային հիվանդության, վիրուսային հեպատիտներ A, B, C, D, E-ի նկատմամբ հակամարմինների առկայությունը:
Յուրաքանչյուր անձ (1 տարեկան և բարձր) կարող է անվճար կամավոր հետազոտվել նշված հիվանդությունների նկատմամբ և պարզել` արդյոք ունի պաշտպանություն այդ հիվանդություններից, հայտնում է առողջապահության նախարարությունը։
Հետազոտությանը մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել կամ օգտվել QR կոդից ու լրացնել համապատասխան հարցաթերթիկը։
Հարցաթերթիկը լրացնելուց հետո քաղաքացիները պետք է նախապես նշված օրը ներկայանան արյան նմուշառման կետ, որը նրանք ընտրել են գրանցման ժամանակ։ Արյան նմուշառման կետ այցելելիս անհրաժեշտ է ներկայացնել պատվաստման քարտը (եթե առկա է)։