Հակակոռուպցիոն դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը անցել է լարված մթնոլորտում։
Նիստի սկզբում Սարգիս Քլոյանը վիրավորել է փաստաբան Արամ Վարդևանյանին՝ անվանելով նրան «սուտասան», սակայն դատավոր Սարգիս Պետրոսյանը որևէ սանկցիա չի կիրառել, բավարարվելով միայն նախազգուշացմամբ։ Փաստաբան Վարդևանյանը հայտարարել է, որ Քլոյանի վիշտը հասկանում է, սակայն դա չի արդարացնում նման որակումները, հայտնում է «Փաստինֆոն»։
«Ես Ձեր տարիքը և դատարանին հարգելով՝ չեմ պատասխանի Ձեզ, բայց Ձեր հայտարարությունը պետք է իրավական հետևանք ունենա»,– նշել է նա։
Փաստաբան Լուսինե Սահակյանը դատարանի կողմից ցուցաբերվող խտրական վերաբերմունքի մասին խոսելիս հիշեցրել է, որ իր նկատմամբ մշտապես սանկցիաներ են կիրառվել, մինչդեռ տվյալ դեպքում դատարանը խուսափել է պատժամիջոցներից։ Միհրան Պողոսյանն էլ պահանջել է ապահովել դատավարության իրավական ընթացքը՝ խուսափելով վիրավորական արտահայտություններից։
Դատական նիստի ընթացքում Ռոբերտ Քոչարյանը քննադատել է դատարանի վերաբերմունքը և առաջարկել հստակեցնել վարքագծի կանոնները, որպեսզի դատավարության ընթացքում կողմերը խուսափեն պատժամիջոցներից։
«Չեմ ցանկանում սանկցիաներ կիրառեք իմ փաստաբանի նկատմամբ, որովհետև Դուք կարող է 3 անգամ կիրառեք, հետո զրկեք փաստաբանի իրավունքից՝ ինձ պաշտպանելու և հասնենք նրան, որ այս դահլիճում փորձառու փաստաբան չմնա: Իրավունք ունեմ մտածելու, որ նման շարժառիթ այս դատարանն ունի: Դրա համար իմ առաջարկը հետևյալն է՝ սահմանեք՝ ինչ կարգի դեմքի արտահայտություն պետք է ունենանք, և ինչ շարժումներ պետք է չանենք՝ սանկցիաներից խուսափելու համար: Միգուցե նկարներով, միգուցե այլ տարբերակով, բայց մենք հասկանանք՝ ինչպես մեզ պահենք դատարանում»,– ասել է Քոչարյանը։
Նա հիշեցրել է, որ նախորդ նիստերից մեկում իր փաստաբան Արամ Օրբելյանը դատավորից նկատողություն է ստացել դեմքի արտահայտության համար, իսկ ինքը՝ ձեռքի շարժման համար։
2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին առնչվող գործով մեղադրյալների թվում են Ռոբերտ Քոչարյանը, Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանը և Արմեն Գևորգյանը։ 2021 թվականին ՀՀ Սահմանադրական դատարանը Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը ճանաչել էր հակասահմանադրական, ինչի արդյունքում դատարանը կարճել էր սահմանադրական կարգի տապալման մեղադրանքով քննվող գործը։
Վճռաբեկ դատարանը սեպտեմբերի 12-ի որոշմամբ բեկանել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործը կարճելու որոշումը և թույլատրել վերաորակավորել մեղադրանքը: