ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցերով բանագնաց Ռուբեն Ռուբինյանը թուրքական İhlas Haber Ajansı-ին տված հարցազրույցում ասել է, որ ակնկալվում է Անկարայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորում, ներառյալ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումն ու ցամաքային սահմանի բացումը։
Նա նշել է, որ իրականացվել են որոշ քայլեր, օրինակ՝ Երևան-Ստամբուլ թռիչքների վերականգնումը, երկրների միջև օդային տրանսպորտով առևտրի մեկնարկը, հայտնում է Factor.am-ը։
«Դեռ կան որոշ պայմանավորվածություններ, որոնց ուղղությամբ աշխատում ենք, օրինակ՝ սահմանին գտնվող պատմական կամրջի վերակառուցումը։ Սակայն մինչ այժմ մեր ձեռք բերած ամենակարևոր պայմանավորվածությունը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար Հայաստանի ցամաքային սահմանը բացելու մասին համաձայնությունն է։ Մենք ամեն ինչ արեցինք, որ դա տեղի ունենա, ամբողջությամբ վերանորոգեցինք անցակետը: Հիմա ակնկալում ենք, որ թուրքական կողմը կանի իր բաժինը և կյանքի կոչի այս համաձայնությունը, որը ձեռք է բերվել երեք տարի առաջ։ Եվ մենք հույս ունենք, որ դա տեղի կունենա»,- ասել է նա։
Խոսելով սահմանի բացման տնտեսական հետևանքների մասին՝ Ռուբինյանը նշել է, որ դա տնտեսական լայն հնարավորություններ կստեղծի ոչ միայն Հայաստանի, այլև Թուրքիայի ու տարածաշրջանի այլ երկրների համար։
«Կարծում եմ՝ կա կոնսենսուս, որ բաց սահմանն ավելի լավ է, քան փակը: Սա վերաբերում է ոչ միայն տնտեսությանը, այլև միջանձնային շփումներին ու շատ այլ ոլորտների։ Եվ սա, անկասկած, ձեռնտու կլինի Հայաստանի, Թուրքիայի և տարածաշրջանի ու դրա սահմաններից դուրս մնացած բոլոր երկրների համար»,- նշել է նա։
Անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ազդեցությանը տարածաշրջանի, մասնավորապես Ադրբեջանի հետ հարաբերությունների վրա՝ Ռուբինյանը կարծիք է հայտնել, որ «Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման առաջընթացը, անկասկած, դրական ազդեցություն կունենա հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացի վրա»։
Դիմելով Թուրքիայի քաղաքացիներին՝ Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է․ «Կարծում եմ, որ հայ և թուրք ժողովուրդներն արժանի են տեսնել մեր երկրների միջև նորմալ հարաբերություններ։ Մեր երկրների սահմանը պետք է լինի ոչ թե բաժանման, այլ համագործակցության խորհրդանիշ։ Սա բխում է և՛ Հայաստանի, և՛ Թուրքիայի շահերից»։
ՀՀ էին այցելել թուրքական լրատվականների լրագրողները, որոնց հարցազրույց է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրանք այցելել էին նաև «Մարգարա» անցակետ, որը հայկական կողմից ամբողջությամբ պատրաստ է շահագործման։