14 մարտի 2025 - 18:17 AMT
Անհետ կորածների ծնողներ. Որ հայցերը հետ կանչեն, էլ ո՞վ է զբաղվելու մեր հարցերով՝ ոչ մեկ

Կառավարության շենքի դիմաց հավաքվել են անհետ կորածների հարազատները, որոնք վրդովված են Ադրբեջանի դեմ միջազգային ատյաններում ներկայացված հայցերը հետ կանչելու վերաբերյալ իշխանությունների որոշումից։

«Որ հայցերը հետ կանչեն, էլ ո՞վ է զբաղվելու մեր հարցերով՝ ոչ մեկը։ 4 տարի է՝ մեր քթից բռնած քարշ են տալիս»,- դժգոհել են ծնողները՝ դիմելով Կառավարության ներկայացուցիչներին, հայտնում է Aysor.am-ը։

Երբ պաշտոնյան նշել է, որ հակառակ որոշումը պատերազմի վտանգ էր պարունակում, ծնողները հակադարձել են. «Պատերազմով մի վախեցրեք»։

«Իրենք պետք է պայման դնեն, անհետների ճակատագրերը պարզեն, նոր հետ կանչեն»,- ասել են ծնողներից։

Մեկ այլ ծնող հայտնել է, որ իրենք անհատական հայց ունեն Եվրադատարանում։ Նա նշել է, որ տեսանյութում տեսել են՝ իր որդին գերի է ընկել, սակայն նրա անունը ներառված է անհետ կորածների ցուցակում։ Նա հավելել է, որ իրավաբանին դիմելուց հետո պարզել է, որ ոչ ոք իրավունք չունի իր հայցը հետ կանչելու։

ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։

Խաղաղության համաձայնագրի նախագիծը բաղկացած է 17 կետից, որոնցից նախկինում համաձայնեցվել էր 15-ը։ Չհամաձայնեցված կետերից մեկը միմյանց նկատմամբ միջազգային մակարդակով պահանջներից հրաժարվելն էր, իսկ մյուսը՝ այլ երկրների ներկայացուցիչներին Ադրբեջանի և Հայաստանի սահմանին չտեղակայելը։