15 մարտի 2025 - 10:16 AMT
Ալիև․ Քանի դեռ խաղաղության պայմանագիր չի կնքվել, կայունություն չի լինի

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը XII Գլոբալ Բաքվի ֆորումի շրջանակում «Եվրոնյուս» հեռուստաալիքին տված հարցազրույցում, խոսելով աշխարհում շարունակվող հակամարտությունների մասին, ասել է, որ միայն Ղարաբաղյան հակամարտությունը կարելի է կարգավորված համարել։

Նա նաև ասել է, որ քանի դեռ խաղաղության պայմանագիր չի կնքվել, կայունություն չի լինի, հայտնում է Minval.az-ը։

Ալիևն ասել է, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից նույնիսկ գրեթե հինգ տարի անց Ադրբեջանի և Հայաստանի միջև դեռևս խաղաղության պայմանագիր չկա։

«Այո, մենք ապրում ենք խաղաղ ժամանակաշրջանում, զոհեր այլևս չկան, և սա ներկա իրավիճակի մեծ առավելությունն է։ Բայց քանի դեռ չի ստորագրվել խաղաղության պայմանագիր, այստեղ կայունություն չի լինի»,- նշել է Ալիևը։

Նա ասել է, որ չի կարծում, թե առաջիկա ամիսներին կամ նույնիսկ տարիներին կայունություն կհաստատվի։

«Ես նախընտրում եմ լինել իրատես։ Չեմ կարծում, որ մենք առաջիկա ամիսներին կամ նույնիսկ տարիներին կհասնենք կայունության։ Իսկ եթե խոսենք Ռուսաստանի և Ուկրաինայի պատերազմի մասին, ապա նույնիսկ եթե այն ավարտվի, դա չի երաշխավորում, որ այն կրկին չի բռնկվի։ Մեր և Հայաստանի միջև գրեթե երեսուն տարի հրադադարի համաձայնագիր էր գործում, որը կնքվել էր 1994 թվականի գարնանը։ Բայց դա չէր նշանակում պատերազմի ավարտ։ Այն պարզապես փոխել էր իր ձևը։ Պատերազմն ավարտվում է միայն խաղաղության պայմանագրի կնքմամբ»,–ասել է Ալիևը։

ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Բաքվից առաջ են քաշել նոր նախապայմաններ և հայտարարել, թե դեռ վաղ է խոսել հանդիպման ժամկետների մասին: