15 մարտի 2025 - 12:54 AMT
Արտակ Բեգլարյան. Հայցերից հրաժարվելու դեպքում նույն ատյաններում դատի ենք տալու ՀՀ իշխանություններին

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ չնայած Հայաստանի իշխանությունների հերթական միակողմանի զիջմանը, ինքը շարունակում է կարծել, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի ստորագրելու այդ փաստաթուղթը։

Նա նաև հայտարարել է, որ միջազգային ատյաններում հայցերից հրաժարվելու դեպքում բազմաթիվ հայեր, այդ թվում՝ ինքը, նույն միջազգային ատյաններում դատի են տալու ՀՀ իշխանություններին՝ իրենց իրավունքները խախտելու համար:

«Չնայած ՀՀ իշխանությունների կողմից հերթական միակողմանի զիջմանը Ադրբեջանին, միևնույն է՝ ես շարունակում եմ կարծել, որ Ալիևը չի ստորագրելու այդ փաստաթուղթը: Ալիևն ուզում է ամեն ինչ, այդ թվում՝ անկենսունակ Հայաստանի Հանրապետություն ու շարունակվող հայատյացության քաղաքականություն՝ առանց պարտավորություններ ստանձնելու: Ալիևը մինչև հիմա ստացել է բազմաթիվ լրջագույն զիջումներ (այդ թվում՝ Արցախը)՝ առանց դրանց դիմաց որևէ բան տալու: Վտանգը մեծ է, որ շուտով իշխանությունները զիջումներ են անելու նաև այն հարցերում, որոնց կատարման համար առ այսօր համաձայնագրի ստորագրումը ներկայացվել է որպես նախապայման (միջազգային հայցերից հրաժարում, Մինսկի խմբի լուծարում և այլն)»,– գրել է նա։

Բեգլարյանը զգուշացրել է, որ հնարավորինը պետք է անել, որ յուրաքանչյուր պաշտոնյա կրի անհատական պատասխանատվություն։

«Զգուշացնում եմ ՀՀ իշխանություններին և հատկապես գլխավոր որոշում կայացնող Նիկոլ Փաշինյանին, որ միջազգային ատյաններում հայցերից հրաժարվելու դեպքում բազմաթիվ հայեր, ներառյալ՝ ես, նույն միջազգային ատյաններում դատի ենք տալու ՀՀ իշխանություններին՝ մեր իրավունքները խախտելու համար: Ավելին, մենք հնարավորինս պետք է անենք, որ յուրաքանչյուր պաշտոնյա կրի անհատական պատասխանատվություն «պետության» անվան տակ իրականացված մարդու իրավունքների խախտումների համար, որոնք, առավել ևս, կարձանագրվեն ներպետական և ՄԻԵԴ դատական ակտերով»,– նշել է Բեգլարյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանին անհրաժեշտ է խաղաղություն, սակայն առաջարկվող համաձայնագիրը չի կարող ապահովել դա, քանի որ այն հաշվի չի առնում հակամարտության կարևորագույն խնդիրները և բոլոր կողմերի իրավունքներն ու շահերը։

«Այո, մենք խաղաղության կարիք ունենք, բայց առաջարկվող համաձայնագիրը չի կարող բերել խաղաղություն ու արդարություն, քանի որ ընդհանրապես հաշվի չի առնում հակամարտության բազմաթիվ կենսական հիմնախնդիրներ և բոլոր կողմերի իրական իրավունքներն ու շահերը: Մի ամբողջ ժողովրդի հիմնարար իրավունքների, արժանապատվության ու ընդհանրապես ճակատագրի հաշվին խաղաղություն չի կարող լինել, առավել ևս, երբ դիմացի ռեժիմը ցեղասպանական էություն ունի և պահում է իր իշխանությունը ռասիզմի ու ցեղասպանական գաղափարախոսության հենասյուների վրա»,– ընդգծել է նա։

ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Բաքվից առաջ են քաշել նոր նախապայմաններ և հայտարարել, թե դեռ վաղ է խոսել հանդիպման ժամկետների մասին:

Խաղաղության համաձայնագրի նախագիծը բաղկացած է 17 կետից, որոնցից նախկինում համաձայնեցվել էր 15-ը։ Չհամաձայնեցված կետերից մեկը միմյանց նկատմամբ միջազգային մակարդակով պահանջներից հրաժարվելն էր, իսկ մյուսը՝ այլ երկրների ներկայացուցիչներին Ադրբեջանի և Հայաստանի սահմանին չտեղակայելը։