ՀՀ նախկին ՄԻՊ, «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանը, արձագանքելով Ադրբեջանի դեմ Հայաստանի միջազգային հայցերից հրաժարվելու վերաբերյալ հայտարարությանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ իրականությանը չի համապատասխանում այն պնդումը, թե գանգատներից հրաժարվում է նաև Բաքուն:
Նա նշել է, որ Ադրբեջանն իր «դատավարություններով» հաշվարկել է, որ Հայաստանի «պատճառած» նյութական «վնասը» գերազանցում է 11 մլրդ դոլարը։
«Մինչ ՔՊ ղեկավարը զբաղված է Ադրբեջանի դեմ Հայաստանի միջազգային գանգատներից հրաժարվելու հարցով և այդ անօրինական որոշումն արդարացնելու փորձերով, Ադրբեջանն իր «դատավարություններով» այս պահին հաշվարկել է, որ Հայաստանի «պատճառած» նյութական «վնասը» գերազանցում է 11 միլիարդ ԱՄՆ դոլարը։ Խոսքը նաև տասնյակ հազարավոր միավոր գույքի և հարյուրավոր բնակավայրերի համար իրենց հաշվարկած «վնասների» մասին է:
Միայն այս փաստն արդեն իսկ ցույց է տալիս, որ իրականությանը չի համապատասխանում այն պնդումը, թե միջազգային գանգատներից կամ պահանջներից հրաժարվում է նաև Ադրբեջանի իշխանությունը»,– նշել է Թաթոյանը։
ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Բաքվից առաջ են քաշել նոր նախապայմաններ և հայտարարել, թե դեռ վաղ է խոսել հանդիպման ժամկետների մասին:
Խաղաղության համաձայնագրի նախագիծը բաղկացած է 17 կետից, որոնցից նախկինում համաձայնեցվել էր 15-ը։ Չհամաձայնեցված կետերից մեկը միմյանց նկատմամբ միջազգային մակարդակով պահանջներից հրաժարվելն էր, իսկ մյուսը՝ այլ երկրների ներկայացուցիչներին Ադրբեջանի և Հայաստանի սահմանին չտեղակայելը։