Իր հերթին, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը, անդրադառնալով ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի վերջնականացմանը, նշել է, որ հայ-ադրբեջանական համաձայնությունը կարող է լրջորեն վերափոխել տարածաշրջանը, եթե այն ստորագրվի։
Նա նաև կարծիք է հայտնել, որ այս զարգացումների ֆոնին Մինսկի խմբի շարունակական գոյության անհրաժեշտություն այլևս չկա, գրում է «Ամերիկայի ձայնը»։
«Հուսով եմ, որ ԵԱՀԿ-ն կարող է շարունակել դերակատարում ունենալ տարածաշրջանում։ Բայց Մինսկի խմբի ժամանակն անցել է», – ասել է Ուորլիքը։
Նա հավելել է, որ խաղաղության պայմանագրի ստորագրման ճանապարհին դեռևս կան որոշ խոչընդոտներ, որոնց լուծումը կարևոր է։
«Սակայն կարծում եմ, որ դա հնարավոր է։ Խաղաղության պայմանագրի առկայությունը նոր դարաշրջան կբացի, հատկապես Հայաստանի համար։ Ժամանակի ընթացքում այն կխթանի տարածաշրջանի բոլոր երկրների, հատկապես Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավումը», – նշել է Ուորլիքը։
Ըստ նրա՝ այս գործընթացը կնպաստի Հայաստանի էներգետիկ և տնտեսական կախվածության նվազմանը Ռուսաստանից՝ հնարավորություն տալով Երևանին զարգացնել հարաբերությունները Արևմուտքի, Եվրամիության և ԱՄՆ-ի հետ։
Ուորլիքը միևնույն ժամանակ ընդգծել է, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը չի վերացնի կողմերի միջև առկա անվստահությունը։ Նրա խոսքով՝ այդ հարցը մնում է հիմնական մարտահրավերներից մեկը, որը կպահանջի հետևողական և երկարատև աշխատանք՝ հաղթահարելու համար։
ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռիչարդ Կազլյարիչն իր հերթին դրական է գնահատել Վաշինգտոնի արձագանքը հայ-ադրբեջանական բանակցություններին, սակայն ընդգծել է, որ «այն չի սահմանում ԱՄՆ-ի որևէ կոնկրետ դերակատարություն այն հաջորդ քայլերում, որոնք, ըստ պետքարտուղարության, պետք է ձեռնարկեն Հայաստանն ու Ադրբեջանը՝ խաղաղ հարաբերություններ հաստատելու համար»։ Կազլյարիչը կարծում է, որ Վաշինգտոնը պետք է շարունակի աջակցություն ցուցաբերել կողմերին՝ դիվանագիտական և այլ մակարդակներում։
«Կարծում եմ, որ մենք կարող ենք շարունակել մեր ներգրավվածությունն այն ոլորտներում, որտեղ արդեն ցուցաբերել ենք աջակցություն։ Օրինակ, մենք նպաստել ենք ականազերծման գործընթացին՝ օգնելով թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին, և սա մի ուղղություն է, որը ԱՄՆ-ը կարող է շարունակել զարգացնել։ Բացի այդ, մենք կարող ենք դրական ազդեցություն ունենալ Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման հարցում՝ խրախուսելով նրանց առաջ շարժվել դեպի հարաբերությունների նորմալացում», – ասել է նա։
Նախկին դեսպանի գնահատմամբ՝ խաղաղության հաստատման ճանապարհին դեռևս առկա են լուրջ մարտահրավերներ, որոնք անհրաժեշտ է լուծել։ Դրանց թվում են ԵՄ քաղաքացիական դիտորդների ներկայությունը սահմանային գոտիներում, տրանսպորտային կապերի վերականգնումը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարաժամկետ հարաբերությունների կարգավորումը համաձայնագրի ստորագրումից հետո։
«Վերջին դրույթը ընդգրկում է ողջ սպեկտրը՝ ականազերծումից և չպայթած արկերի չեզոքացումից մինչև հարևան պետությունների միջև կայուն ու բնականոն հարաբերությունների հաստատում։ Այսպիսով, կարծում եմ՝ անհրաժեշտ է համապարփակ լուծումներ գտնել վերոնշյալ չորս ուղղություններով», – ասում է Կազլյարիչը։
Ռուսաստանի ներգրավվածության մասին խոսելով՝ Կազլյարիչը նկատել է, որ խաղաղության պայմանագրի ստորագրման մասին հայտարարությունից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ինչը վկայում է Մոսկվայի հետաքրքրվածության մասին։ Սակայն, ըստ նրա, այսօր Ռուսաստանը շարունակում է իր առաջնահերթ ուշադրությունը կենտրոնացնել Ուկրաինայի իրադարձությունների վրա։
Հայաստանն ու Ադրբեջանը հայտնել են, որ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ աշխատանքներն ավարտվել են, բայց Բաքուն ներկայացրել է երկու պայման՝ համաձայնագրի ստորագրման համար՝ պահանջելով փոփոխություններ Հայաստանի Սահմանադրությունում և ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում։ ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է, որ ողջունում է կողմերին «պատմական խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտի կապակցությամբ»։