ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ևս ողջունել է խաղաղության համաձայնագրի տեքստի վերջնականացման և դրա շուրջ բանակցությունների ավարտի մասին ՀՀ և Ադրբեջանի հայտարարությունները։
Նա որգևորող է համարել կողմերի արձանագրած առաջընթացը։
Գուտերեշն ընդգծել է, որ սատարում է տարածաշրջանում երկարատև խաղաղության հասնելուն միտված Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր չլուծված հարցերի կարգավորմանն ուղղված ջանքերին։
ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Բաքվից առաջ են քաշել նոր նախապայմաններ և հայտարարել, թե դեռ վաղ է խոսել հանդիպման ժամկետների մասին:
Խաղաղության համաձայնագրի նախագիծը բաղկացած է 17 կետից, որոնցից նախկինում համաձայնեցվել էր 15-ը։ Չհամաձայնեցված կետերից մեկը միմյանց նկատմամբ միջազգային մակարդակով պահանջներից հրաժարվելն էր, իսկ մյուսը՝ այլ երկրների ներկայացուցիչներին Ադրբեջանի և Հայաստանի սահմանին չտեղակայելը։