Մի շարք երկրներ ողջունել են խաղաղության համաձայնագրի տեքստի վերջնականացման և դրա շուրջ բանակցությունների ավարտի մասին ՀՀ և Ադրբեջանի հայտարարությունները։
Լեհաստանը հույս է հայտնել, որ այն կստորագրվի հնարավորինս արագ։ Այդ մասին ասվում է Լեհաստանի արտաքին գործերի նախարարության X–ի միկրոբլոգում։
«Հակամարտության խաղաղ կարգավորումը կնպաստի տարածաշրջանում համագործակցության կայունությանն ու զարգացմանը՝ օգուտ տալով երկու երկրներին»,- ասվում է գրառման մեջ։
Արաբական Միացյալ Էմիրությունները կարևորել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը՝ նշելով, որ այս քայլը կնպաստի հաղորդակցության, երկխոսության և կայունության ամրապնդմանը, ինչպես նաև կօգնի տարածաշրջանի զարգացմանը, գրում է Արմենպրեսը էմիրաթական WAM լրատվական գործակալության վրա հղումով։
ԱՄԷ արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով օգնական Լանա Նուսեյբան ընդգծել է, որ ԱՄԷ-ն աջակցում է երկու բարեկամ երկրների կողմից ընդունված բոլոր այն որոշումներին, որոնք նպաստում են տարածաշրջանային և միջազգային անվտանգության ու խաղաղության հաստատմանը, ինչպես նաև նոր, կառուցողական համագործակցության ճանապարհ բացելուն։
Նուսեյբան նշել է, որ ԱՄԷ-ն սերտ հարաբերություններ ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ և ակնկալում է նրանց միջև համագործակցության ընդլայնում՝ ընդհանուր շահերի հիման վրա։
Իտալիան ևս դրական է գնահատել խաղաղության համաձայնագրի բանակցությունների ավարտը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների վերականգնման մասին պաշտոնական հայտարարությունը, հայտնում է Արմենպրեսը։
«Իտալիան ողջունում է խաղաղության համաձայնագրի բանակցությունների նախագծի ավարտի և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների վերականգնման մասին հայտարարությունը։ Իտալիայի կառավարությունը կշարունակի աջակցել կարգավորման գործընթացին՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման համար»,-ասվում է Իտալիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
Հունաստանի ԱԳՆ-ն կարևորել է համաձայնագրի հնարավորինս արագ ստորագրման նշանակությունը։
«Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունները՝ «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ», – հայտարարել են Հունաստանի ԱԳՆ-ից, գրում է Aysor.am-ը։
Նախարարությունը նաև համոզմունք է հայտնել, որ այս համաձայնագրի անհապաղ ստորագրումը հնարավորություն կտա ամրապնդելու համագործակցությունն ու փոխըմբռնումը Հարավային Կովկասում։
ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Բաքվից առաջ են քաշել նոր նախապայմաններ և հայտարարել, թե դեռ վաղ է խոսել հանդիպման ժամկետների մասին:
Խաղաղության համաձայնագրի նախագիծը բաղկացած է 17 կետից, որոնցից նախկինում համաձայնեցվել էր 15-ը։ Չհամաձայնեցված կետերից մեկը միմյանց նկատմամբ միջազգային մակարդակով պահանջներից հրաժարվելն էր, իսկ մյուսը՝ այլ երկրների ներկայացուցիչներին Ադրբեջանի և Հայաստանի սահմանին չտեղակայելը։