The Times-ի լրագրող Ջեյմս Գիրբրանտը հոդված է հրապարակել Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին՝ նշելով, որ նա 36 տարեկանում շարունակում է լինել առանցքային ֆուտբոլիստ «Ինտերում»՝ ցուցադրելով բարձր խաղային որակներ։
Լրագրողը անդրադարձել է ֆուտբոլիստի բացառիկ տաղանդին, նվիրվածությանը և իր խաղը կատարելագործելու ձգտմանը, գրում է Armsport-ը։
«Նա մի մարդ է, ով Դոնեցկի «Շախտյորում» խաղերից առաջ երեք օրով անջատում էր հեռախոսը՝ պատշաճ կերպով պատրաստվելու համար: Սա այն ֆուտբոլիստն է, ով Անգլիա տեղափոխվելուց ամիսներ առաջ Bild-ին հայտնել էր, որ ուսումնասիրել է Մանչեսթերի և Անգլիայի սոցիալական պատմությունը, որպեսզի հասկանա՝ «ինչպես են մարդիկ այնտեղ ապրում, ինչն է նրանց մղում առաջ»։ Սա այն մարդն է, ով տիրապետում է յոթ լեզվի և նշել է, որ եթե ֆուտբոլիստ չդառնար, կդառնար իրավաբան։
Հենրիխ Մխիթարյանի՝ իրավաբանի մասնագիտությանը համապատասխանելու մասին կարելի է դատել «Ինտերի» խաղից հետո հայ լրագրողի հետ նրա զրույցից: Լրագրողը նշում է, որ առաջին խաղակեսում նա «Ինտերի» կիսապաշտպաններից ունեցել է Opta-ի ամենացածր արդյունավետությունը, բայց երկրորդ խաղակեսում, գոլային փոխանցումից հետո, ցուցանիշները բարելավվել են: «Դուք իմ խաղը գնահատում եք վիճակագրությա՞մբ», — հարցնում է Մխիթարյանը: «Դա լիովին ճշգրիտ կամ արդար չէ»:
Ֆուտբոլիստների մեծ մասը, հավանաբար, այսպես չէր արձագանքի։ Հատկապես այն դեպքում, երբ Մխիթարյանը, հաղթահարելով մրցաշրջանի դժվար մեկնարկը, ներկայումս «Ինտերում» ցուցադրում է իր կարիերայի լավագույն խաղը։ 36 տարեկանում, երբ նրա երբեմնի խիտ վարսերը նոսրացել են, նա «ներաձուրիների» կազմում չորրորդ տեղում է խաղացած րոպեների քանակով՝ այն մարզչի գլխավորությամբ, ով ակնհայտորեն մեծ վստահություն է ցուցաբերում նրա նկատմամբ։
Ինձագին նրա մասին ասել է․ «Մխիթարյանը չափազանց խելացի խաղացող է, միշտ թիմին է ծառայում։ Նա շատ է աշխատում։ «Ռոմայում» և «Արսենալում» նա խաղացել է այլ դիրքում։ Մեր կիսապաշտպանությունն ունի երեք խաղացող, որոնք հաճախ փոխում են դիրքը, և արդյունքում նա հաճախ գտնվում է դարպասից հեռու»։
Այս մրցաշրջանում Մխիթարյանը գործել է ավելի պաշտպանողական դիրքում, սակայն դա նրան չի խանգարել գերազանց հանդես գալ։ Նա իր կարիերայի ընթացքում երբևէ չի ունեցել այսքան բարձր փոխանցումների ճշգրտություն, և «Ինտերում» առաջատարն է խլումներով ու հարձակման վերջին երրորդում կատարված փոխանցումներով։
Նշվում է, որ չնայած նրան, որ հանդես է գալիս ավելի խորքից, Մխիթարյանը շարունակում է մեծ ազդեցություն ունենալ թիմի հարձակման կազմակերպման վրա՝ ստեղծելով բազմաթիվ գոլային պահեր։ 36 տարեկանում նա դեռևս ապացուցում է, որ բարձրակարգ ֆուտբոլում կարող է մնալ առանցքային խաղացող։