Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր, որով նախատեսվում է լուծարել յոթ դաշնային գործակալություն։ Այս մասին հայտնել է NYTIMES-ը։
Դրանց թվին է պատկանում «Գլոբալ մեդիա գործակալությունը», որը համակարգում է արտաքին քաղաքական քարոզչական աշխատանքները և ղեկավարում է պետական ֆինանսավորմամբ աշխատող հեռարձակողներ, ինչպիսիք են «Ամերիկայի Ձայնը» և «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանները՝ ներառյալ դրանց առցանց հարթակները։ Չնայած գործակալությունը պաշտոնապես ճանաչվում է որպես անկախ կառույց, 2018 թվականից առաջ այն հայտնի էր որպես Հեռարձակման կառավարիչների խորհուրդ, հայտնում է ՏԱՍՍ–ը։
Հրամանագրով Թրամփը հանձնարարել է այդ գործակալությունների ղեկավարներին դադարեցնել բոլոր այն գործառույթները, որոնք օրենքով պարտադիր չեն։ Բացի այդ, նրանց ուղղորդել է նվազեցնել իրենց օրենքով սահմանված գործառույթների կատարման ծավալը և համապատասխան անձնակազմի թվաքանակը՝ հասցնելով այն նվազագույն անհրաժեշտ մակարդակի, հայտնում է Factor.am-ը։
Կառավարության կրճատմանն ուղղված Թրամփի բազմակողմանի նախաձեռնությունների շրջանակում այս որոշումը հերթական անգամ դառնում է քննարկման առարկա՝ կապված նրա լիազորությունների սահմանների հետ։ Օրինակ՝ «Ամերիկայի ձայնի» վերահսկող մարմինը՝ ԱՄՆ «Գլոբալ մեդիա գործակալությունը», ըստ Կոնգրեսի որոշման, անկախ կառույց է։
2020 թվականին Կոնգրեսն օրենք է ընդունել, որը սահմանափակում է այդ գործակալության նախագահի կողմից նշանակվող գործադիր տնօրենի լիազորությունները։
Թրամփը, համագործակցելով Կառավարության արդյունավետության վարչության (DOGE) հետ, մեծածավալ կրճատումներ է իրականացրել դաշնային աշխատակազմում և լուծարել ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) և Սպառողների ֆինանսական պաշտպանության բյուրոն։
Բացի այդ, Թրամփը ստորագրել է հրամանագիր, որով սահմանափակվում է Paul Weiss փաստաբանական ընկերության հասանելիությունը գաղտնի և արտոնագրված պետական նյութերին։ Սա արդեն երրորդ խոշոր իրավաբանական ընկերությունն է, որի նկատմամբ նման սահմանափակումներ են կիրառվում՝ դեմոկրատների հետ համագործակցության պատճառով։ Սպիտակ տունը նաև հայտարարել է, որ Թրամփը չեղարկել է Ջո Բայդենի կողմից ստորագրված 18 հրամանագիր։