15 մարտի 2025 - 16:18 AMT
Եհովայի վկաները դատարանում պարտվել են քահանա Տեր Զարեհ Աշուրյանին

Արարատի և Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Եհովայի վկաների կողմից ներկայացված հայցը, որը ուղղված էր Մասյացոտնի թեմի Դալարի սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զարեհ քահանա Աշուրյանի դեմ։ Այդ մասին քահանան հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

«Այսօր հրապարակվել է դատարանի վճիռը։ Ուրախ եմ տեղեկացնելու, որ դատարանն ամբողջությամբ մերժել է Եհովայի վկաների հայցը»,–գրել է նա՝ շնորհակալություն հայտնելով ասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանին և հավտացյալներին աջակցության համար։

Փաստաբան Արա Զոհրաբյանը, որը զբաղվել է այս գործով, նշել է, որ Եհովայի վկաները չեն ծառայում բանակում, չեն ընդունում արյան փոխներարկումը և ունեն հայրենիքի վերաբերյալ այլ մոտեցում։

«2023 թվականի աշնանն Արցախից հայերի տեղահանությունից հետո Տեր Զարեհ Աշուրյանը հարցեր էր ուղղել Եհովայի վկաներին, որոնք վերաբերել են նրանց կրոնական համոզմունքներին։ Այս միջադեպի պատճառով Եհովայի վկաների քրիստոնեական կրոնական կազմակերպությունն ու մի խումբ անդամներ հայց էին ներկայացրել դատարան՝ պահանջելով, որ Տեր Զարեհ Աշուրյանը ներողություն խնդրի, հերքում հրապարակի և հատուցում վճարի։

Մարտի 14-ին դատավոր Գոհար Կոստանյանի նախագահությամբ դատարանը որոշել է (գործ թիվ ԱՎԴ/14370/02/23) մերժել հայցը՝ հաշվի առնելով, որ Տեր Զարեհ Աշուրյանի արտահայտությունները չէին պարունակում վիրավորանք կամ զրպարտություն։

Դատարանը նշել է, որ դրանք գուցե ոչ հաճելի կամ կոպիտ են, սակայն արտահայտվել են առանց դիտավորության՝ ավելի շատ կրոնական, հասարակական և ազգային իրավիճակի քննադատության համատեքստում»,–ասվում է գրառման մեջ։

Հայցվորները պահանջում էին ներողություն, հերքում և փոխհատուցում՝ պնդելով, որ Տեր Զարեհ Աշուրյանը վիրավորել է իրենց պատիվն ու արժանապատվությունը։ Դատարանը, սակայն, գտել է, որ նրա խոսքերը խոսքի ազատության շրջանակներում են։